Բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը շարունակում է իր վստահ ելույթը Սան Լուիսում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում: Տոնելով 5 անընդմեջ հաղթանակ եւ զգալիորեն առաջ անցնելով մրցակիցներից, Թոփալովն ինչպես երեւում է, որոշել է մի փոքր խաղադադար վերցնել եւ ոչ-ոքի արդյունքներով ապահովել իր ընդհանուր հաղթանակը: Առայժմ դա նրան հաջողվում է: Մրցաշարի ավարտից չորս տուր առաջ բուլղարացի շախմատիստը վաստակել է 8 միավոր եւ 2 միավորով գերազանցում է իր մոտակա հետապնդող Պյոտր Սվիդլերին: 9-րդ եւ 10-րդ տուրերում Թոփալովը ոչ-ոքի ավարտեց պարտիաներն Անանդի եւ Մորոզեւիչի հետ:
Անանդի հետ պարտիային մեծ հետաքրքրությամբ էինք սպասում: Սակայն սպասվող համառ պայքարը չկայացավ: Արդեն 15-րդ քայլին հնդիկ գրոսմայստերը սկսեց կրկնել դիրքը, իսկ երկու քայլ անց սպիտակներով խաղացող Անանդը ոչ-ոքի առաջարկեց, որն ընդունեց Թոփալովը:
Անհաջող մեկնարկից հետո սկսել է վերելքով հանդես գալ Ալեքսանդր Մորոզեւիչը, որը մինչ Թոփալովի հետ խաղաղ դաշն կնքելը, նախորդ տուրում հաղթել էր Լեկոյին: 10 տուրից հետո Մորոզեւիչն ունի 5,5 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաեւ Անանդը:
Թոփալովի հետապնդումն է շարունակում Պյոտր Սվիդլերը, որին առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում կրճատել 2 միավորի տարբերությունը: Հերթական տուրերում ռուսաստանցի գրոսմայստերը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Կասիմջանովի եւ Լեկոյի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ