«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2005-10-07 | #181, 2005-10-08 | #182, 2005-10-11


ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՊԱՐՏՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Երեք հարց Վազգեն Մանուկյանին

- Ավանդների հարցին շատ քաղաքական գործիչներ հասցրին անդրադառնալ անցած շաբաթ, դուք ինչպե՞ս եք գնահատում:

- Ես ուղղակի ցավում եմ, որ հասարակությունն այդքան մոռացկոտ է: Ավանդների հարցն առաջին անգամ 1995-96 թվականներին դրել է ԱԺՄ-ն. հարցն այսպես էր դրված` ավանդները 9 մլրդ ռուբլի էինք հաշվում, ինչի հաշվին կառուցվել էին գործարանները, դպրոցները եւ այլն: Այդ պարտքը վերադարձնելու ինդեքսը հաշվում էինք 10 ռուբլուն` 1 դոլար, եւ պետք է վերադարձվեր բյուջեի եւ սեփականաշնորհման գումարների հաշվին, 5 տարում: Եվ գտնում էինք ձեւերը: Բայց եթե հիմա տարեկան 2 մլն դոլար են տալու` չնչին գումարներ են տալու ուրեմն: Այսինքնՙ ավանդների այդ տիպի վերադարձնելուն կողմ չեմ: Որոշ մարդիկ որ ասում են, թե դա կապված է հանրաքվե անցկացնելու հետ` այդպես չէ, ժողովուրդը դժվար թե խաբվի: Մարդկանց հանգստացնելու համար մի 2 մլն դոլար կծախսեն. իրականում բյուջեն մի երեք անգամ պակաս է, քան պետք է լինի: Մի երկու միլիոն դոլարը մեծ բան չէ պետության համար: Կտան կամաց-կամաց` մարդկանց խաբելով: Չտալն էլ է ապուշություն, ախր, բայց իսկական տալը, ինչ որ մենք էինք առաջարկում, չի լինի: Հարցն այսպես է` եթե պարտք ես, պետք է վերադարձնես, պետությունն իր պարտքը ժողովրդին պետք է վերադարձնի:

- Ընդդիմությունը դեռ փաստորեն վերջնականապես չի կողմնորոշվել հանրաքվեի բոյկոտի ու «ոչի» հարցում, ԱԺՄ-ն արդեն որոշե՞լ է իր գործելակերպը:

- Մենք բոյկոտի կողմնակից ենք, եթե տեղեր լինեն, որ ժողովրդին զոռով տանեն, էդ դեպքում հնարավորություն կա հենց էդ թերթիկի վրա գրելու «բոյկոտ»: Դեմ քվեարկելուն էնքան էլ կողմ չեմ, որովհետեւ դիմացինը միշտ կարող է ասելՙ երկու փաստաթուղթ ենք տվել, սա չի հավանում, մյուսն է հավանում: «Բոյկոտ» գրելիս կերեւա, որ սա քաղաքական ակցիա է, եւ նրանք, ովքեր պարտադրված են գնում, «բոյկոտ» գրելով թերթիկն անվավեր կդարձնեն: Անցած շաբաթ օրը շրջանների կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ մենք որոշում կայացրինք. շտաբներ ենք ստեղծելու, դիտորդներ ենք ունենալու: Եթե ընդդիմության մեջ ուրիշ ուժեր լինեին, որոնք բացի խոսելուց իրենք էլ ակտիվորեն զբաղվեն էդ գործով, մենք իրենց հետ կհամագործակցենք:

- 17-ի ֆորմատում ԱԺՄ-ի ներկայությունն ի՞նչ է տալիս ձեզ:

-17-ի ֆորմատը թույլ է տալիս մտածել, որ մենք միայնակ չենք, կան նաեւ մեզ նման մտածող այլ կուսակցություններ, բայց մտածելն ու անելը տարբեր բաներ են:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4