Վտանգներ ինքնահաստատման ճանապարհին
«Նրանցից եւս մեկին բռնեցին այսօր, այդ մասին տեղեկացնում են թերթերը: «Դեռահասը ձերբակալվել է համակարգչային հանցագործության համար», «Հաքերը ձերբակալվել է բանկը «ջարդելու» համար»:
Գրողը տանի ձեզ, էրեխեք. նրանք բոլորը միանման են:
Բայց դուքՙ ձեր խղճուկ հոգեբանությամբ եւ մտածողության 50-ականների չափանիշներով, կարո՞ղ եք գոնե հաքերի աչքերով նայել աշխարհին: Կարո՞ղ եք երեւակայել, թե ինչ ուժեր են ներդրված նրա դեմ պայքարում, թե ինչ կարող է պատահել նրա հետ, թե նա ինչպես հասավ այդ կյանքին:
Ես հաքեր եմ, մտեք իմ աշխարհ...»
Սա հատված է «Ուսուցիչ» մականունով հաքերի գրառումներից (հունվարի 8, 1986 թ.), որը, ըստ նույն գրառման, գրվել է իր ձերբակալությունից անմիջապես հետո: Բնօրինակում մոտ 500 բառ պարունակող այս տեքստը ժամանակի ընթացքում մանիֆեստ է դարձել հաքերների համար: «Սա մեր աշխարհն էՙ էլեկտրոնների եւ միացումների, ազդանշանի փոխանցման գեղեցկության: Մենք անվճար օգտվում ենք այն ամենից, ինչի հաշվին դուք ցանկանում էիք ապրուստ վաստակել, իսկ դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք հետազոտում ենք, գիտելիք ենք փնտրում, դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք գոյություն ունենք մի աշխարհում, ուր մաշկի գույնը, ազգությունը, կրոնը նշանակություն չունեն... դուք մեզ հանցագործ եք անվանում: Ես մեղավոր եմ, քանի որ խելացի եմ ձեզնից: Դրա համար դուք ինձ երբեք չեք ների: Ես հաքեր եմ, իսկ սա իմ մանիֆեստն է:
Դուք կարող եք ինձ կանգնեցնել, բայց դուք երբեք չեք կանգնեցնի մեզՙ բոլորիս, քանի որ մենք բոլորս միանման ենք...»:
Մի հայ հաքերի հետ զրույցում տպավորությունս քիչ այլ էր: «Հայաստանի օրենսդրությունը խանգարում է, որ այստեղ «անդերգրաունդ» ձեւավորվի: Սա հետագայի համար շատ վտանգավոր է: Ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման հետ պետք է զարգանա «անդերգրաունդը», բայց մեր օրենսդրությունը խոչընդոտում է: Երեւանը փոքր է, այստեղ հեշտ է բռնվելը, դրա համար էլ Երեւանում այս ոլորտը որպես այդպիսին չի զարգանա», ասաց հաքերը, որը խնդրեց իրեն Սուրեսթ անվանել: Ըստ Սուրեսթիՙ «անդերգրաունդ» կոչվածում ամեն ինչ ու ամեն մեկն իրար հետ կապված են լինում, իսկ Հայաստանում առանձին ինքնուսներ են, որ նստած են իրենց համակարգիչների առաջ եւ իրար հետ կապ չունեն: «Իսկական հաքերները շատ քիչ են, ես 2-3 հոգու եմ ճանաչում, իմ կարծիքով Հայաստանում նրանց թիվը 5-6-ից չի անցնում», ասում է Սուրեսթը:
Սուրեսթը հավաստիացնում է, թե շարքային հաքերի համար ամենից կարեւորը փառքն է, նրա մուտքը «անդերգրաունդ», բայց քանի որ այստեղ «անդերգրաունդ» չկա, հաքերության փորձերն ավելի շատ ինքնաբավարարման, ինքնահաստատման միջոց են դառնում:
Հասարակությունից կտրված ու նոր հասարակություն փնտրող այս երիտասարդների մասին Հայաստանում հոգեբանական ուսումնասիրություններ գրեթե չկան, պատճառը երեւույթի դեռեւս երիտասարդ տարիքն է եւ ընդգրկման փոքր ծավալները մեր հասարակությունում: Հոգեբանները նման վարքի պատճառներ կարողանում են ներկայացնել: «Դեռահասության շրջանում մարդիկ ձգտում են ռեֆերենտ խմբերի, անձանց: Համակարգչային աշխարհը հասարակությունից կտրվելու միջոց է, այդ անորոշ աշխարհում ռեֆերենտ խումբ կամ անձ գտնելն առավել հեշտ էՙ չեն ճանաչում քեզ, դու էլ չես ճանաչում դիմացինիդ, իսկ խորհրդավորը միշտ ձգողական է: Այսպիսովՙ դեռահասը կտրվում է իրեն շրջապատող հասարակությունից եւ ընկնում վիրտուալ հասարակություն», ասում է Երեւանի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի ասպիրանտ Դավիթ Հայրապետյանը: Նրա դիտարկմամբՙ այստեղ դեռահասը փորձում է ինքնահաստատվել, իր տեղը գտնել, սկսում է աշխատել լծակներ ստանալու ուղղությամբ: «Սա մի մեծ աշխարհ է, ուր առաջին հայացքից «անվնաս» է օրենք խախտելը», ասում է նա: Սակայն դա միայն առաջին հայացքից: Ինչպես հենց Սուրեսթն է վկայում, հայաստանյան օրենսդրությունը խանգարում է հաքերներին: Ոլորտը վերահսկողության օրենսդրական դաշտ առաջին անգամ բերվեց 2003-ին, երբ օգոստոսի 1-ից սկսեց գործել ՀՀ քրեական օրենսգիրքը, որտեղ «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները», «Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» եւ «Հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները» գլուխներում բնութագրվեցին վերոհիշյալ հանցագործությունները եւ ներկայացվեցին պատժամիջոցները: «Հարկ է նկատել, որ քրեական օրենսգրքի այն հոդվածներում, որոնք նվիրված են համակարգչային տեղեկատվության բնագավառի հանցագործություններին, առավել անկատար են ներկայացված արարքի հետեւանքներին վերաբերող մշակումները, որը մասամբ բացատրվում է դատաքննչական պրակտիկայի բացակայությամբ եւ օրենսդրական նորարարության փաստով», ուսումնասիրություններից մեկում գրում է իրավագիտության առաջին կարգի պետական խորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու Միքայել Գրիգորյանը: Թերություններ, ըստ մասնագետների, կան, սակայն կարեւորագույնն արված է. ոլորտը կարգավորվում է օրենքով: «Ցավոք սրտի, բացի ոստիկանությունից եւ ազգային անվտանգության ծառայությունիցՙ ոլորտը հսկող մարմին չկա, բացի այդ ուրիշների համար նաեւ դժվար է պատկերացնել: Մենք հետաքննության մարմին ենք, պատրաստում ենք նյութերը, ուղարկում քննիչներին, հետո էլ ստիպված բացատրում ենքՙ ինչ է վնասաբեր ծրագիրը, ինչ հետեւանք կարող է ունենալ», «Ազգի» հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակից Սամվել Հովսեփյանը: Նրա հավաստմամբՙ օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո շատ բան է փոխվել, «քննչականում արդեն կան տղաներ, որոնց հետ մի քանի դատական գործով համագործակցել ենք, նրանց հետ աշխատանքն առավել դյուրին է դարձել»: Ս. Հովսեփյանը վստահեցրեց, թե մեզանում հանցագործության այս տեսակը նոր է գլուխ բարձրացնում, դեռեւս աղմկալի դեպքեր չեն գրանցվել, «եթե բանկերում դեպքեր եղել են, ուրեմն ղեկավարներն են գերադասել լռելՙ սեփական վարկանիշին չվնասելու համար»:
Սամվել Հովսեփյանը հիշում է, որ երբ 2 տարի առաջ սկսեցին ավելի լրջորեն զբաղվել խնդրով, .am տիրույթում բազմաթիվ էին պոռնկագրական նյութերը, սակայն հետեւողական պայքարի արդյունքում այսօր տիրույթը գրեթե «մաքուր է»: Քրեական օրենսգրքով պատժվում է պոռնկագրական նյութեր, պատկերներ կամ առարկաներ ապօրինի տարածելը, գովազդելը, իրացնելը, այդ նպատակով պատրաստելը: Վերոհիշյալ դեպքերում նախատեսված է տուգանքՙ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ կալանքՙ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկումՙ առավելագույնը 2 տարի ժամկետով: Սամվել Հովսեփյանն ասում է, որ մեզ մոտ լինում են դեպքեր, երբ ինտերնետ ակումբի ղեկավարները հաճախորդ գրավելու նպատակով համակարգչի էկրանին պոռնկագրական էջերի հասցեներ են դնում: Այդ ճանապարհով հանցագործության դեմն առնելու համար հսկողության տակ են վերցված ինտերնետ ակումբները եւս:
Ինչ վերաբերում է ավելի երիտասարդներին, ապա ոստիկանությունում ասում են, որ նրանց հետ առավել «զգույշ» են վարվում: «Շատ ենք հանդիպել 13-14 տարեկանների, ովքեր ի վիճակի են համակարգչի միջոցով որեւէ մտադրություն իրականացնել: Ցավոք, ժամանակ առ ժամանակ նրանց այդ մտադրությունները լինում են քրեական օրենսգրքի շրջանակներում, ասում է պրն Հովսեփյանը: Մեր առաջնային խնդիրը ոչ թե պատժամիջոցներ, այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելն է, քանի որ այդ տարիքի երեխաներին ճիշտ ուղու վրա դնել նշանակում է մի քանի տարի հետո Հայաստանում բավականին ուժեղ մասնագետներ ունենալ: Երբեմն կեսկատակ-կեսլուրջ ասում ենքՙ նրանց մեջ գուցե մեր ապագա մերգելյաններն են, չենք ուզում բարդացնել երեխաների կյանքը, փորձում ենք բացատրել իրենց սխալները, ծնողների միջոցով վերահսկողություն սահմանել»:
Ոստիկանությունում ասում են, որ հետագայում այդ երեխաներին պահում են տեսադաշտում, հետաքրքրվում նրանցով: «Առաջին անգամ կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում, ասում են, նախազգուշացնում ենք, բայց եթե կրկնվի, պատժամիջոցներ կիրականացնենք: Դեռեւս դրա անհրաժեշտությունը չի եղել», ասաց Ս. Հովսեփյանը:
Սուրեսթի համոզմամբՙ հաքերությունը մարդու համար կյանքի ձեւ եւ մտածելակերպ է: Հաքերը հասարակության սահմաններից դուրս է: Ինքն ասում է, որ կյանքի այս ձեւից ոչ միայն բավարարվածություն է ստանում, այլեւ գումարներ, ի դեպՙ սեփական քրտինքով: Այն հարցին, թե արդյոք դա արդար ճանապարհով վաստակած գումար է, Սուրեսթը պատասխանեց. «Ես չեմ ապրում հասարակության կանոններով, ինձ համարում եմ հասարակության կանոններից դուրս եւ կանեմ այն, ինչ կասի ներքին ձայնս: Սա իմ աշխատանքի արդյունքն է: Հասարակությունը երբեք չի հասկանա, հաքերին հասկանալու համար մարդը պիտի մտնի այդ շրջանակ, իսկ երբ մտնի, հասարակությունից դուրս կգա: Իդեալներս շատ դժվարությամբ են ստեղծվել, հաստատվել, ես չեմ ադապտացվի հասարակության միջավայրում»:
Ամեն մեկն իր ընտրած ուղով է գնում: Ոստիկանությունում հավաստիացնում են, որ չնայած համապատասխան ստորաբաժանումը դեռեւս շատ մեծ չէ, հետեւողական է իր աշխատանքում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ