«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2005-10-08 | #182, 2005-10-11 | #183, 2005-10-12


«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ»

Ստեփանակերտում Ճգնաժամային խմբի երկրորդ զեկույցը եւս որակում են «միակողմանի, ադրբեջանամետ»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Միջազգային ճգնաժամերի խումբը (ՄՃԽ) (International Crisis Group) երեկ հրապարակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման զեկույցներից երկրորդը` «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության ծրագիր» (Nagorno-Karabakh: A Plan for Peace): «Երկու կողմերը, թվում է, խաղաղության պայմանագրի առանցքային սկզբունքների հարցում մոտ են համաձայնությանը: Այժմ կարեւոր է, որ նրանց կառավարություններն իրենց ժողովուրդներին սկսեին նախապատրաստել փոխզիջումների», ասել է խմբի կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրայզերը տարածած մամլո հաղորդագրությունում:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միջազգայնորեն ընդունելի հանրաքվեի միջոցով, որին կմասնակցեին ղարաբաղցի բոլոր հայերը եւ ադրբեջանցիները», ասվում է զեկույցում: ՄՃԽ-ն ընդգծում է, որ հանրաքվեն կարող է անցկացվել միայն այն բանից հետո, երբ ԼՂ կվերադառնան նախկինում այնտեղ բնակվող ադրբեջանցիները, ինչպես նաեւ «միջազգային համաժողովը որոշի, որ ԼՂ-ն համապատասխանում է պետականության ունենալու նախապայմաններին»: Իսկ մինչ հանրաքվեի անցկացումը հակամարտության կողմերին առաջարկվում է կյանքի կոչել հետեւյալ առանցքային տարրերը. ղարաբաղյան ուժերը դուրս են բերվում ԼՂ հարակից տարածքներից (սկզբնական փուլում` Աղդամից, Ֆիզուլուց, Ջեբրայիլից, Զանգելանից եւ Ղուբաթլուից, հետագայում նաեւ Քելբաջարից եւ Լաչինից, ակնկալվում է, որ ԼՂ-ի եւ ՀՀ-ի կապը պետք է ապահովվի Լաչինի միջանցքով), Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ-ի դեմ ուժի գործադրումից, խաղաղության պահպանման նպատակով տեղակայվում են միջազգային ուժեր (նախկին Քելբաջարից եւ Լաչինից ղարաբաղյան ուժերի դուրսբերումը), մշտական բնակավայրեր են վերադառնում տեղահանված անձինք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերականգնվում են առեւտուրն ու հաղորդակցությունը:

Ե՞րբ է անցկացվելու հանրաքվեն եւ ի՞նչ հնարավոր կարգավիճակներ են առաջարկվում: ՄՃԽ-ի կարծիքով, հանրաքվեի անցկացումն իրատեսական է առաջիկա 10 կամ 20 տարիներին, իսկ ԼՂ-ի համար հավանական են կարգավիճակի հետեւյալ 4 տարբերակները. անկախություն, լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում, վերամիավորում Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան համադաշնություն (կոնֆեդերացիա): ՄՃԽ-ն մինչ հանրաքվեի անցկացումը, այսինքն` առաջիկա 10-20 տարիներին առաջարկում է Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, «թեեւ իրականում ԼՂ-ն կլինի ինքնակառավարվող եւ կունենա միջազգայնորեն ճանաչված անցումային կարգավիճակ»:

Ստեփանակերտի իշխանությունները ուսումնասիրում են ՄՃԽ-ի երկրորդ զեկույցը եւ հավանաբար առաջիկա օրերին կլինեն համապատասխան մեկնաբանություններ: Այս մասին «Ազգի» հետ հեռախոսազրույցում նշեց ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: ՄՃԽ առաջին զեկույցին ԼՂՀ ԱԳՆ-ն ընդարձակ մեկնաբանություններ էր տվել, որի իմաստը հետեւյալն էր` զեկույցն ընդհանուր առմամբ միակողմանի է եւ ադրբեջանամետ, մանավանդ երբ խոսքն ադրբեջանցի փախստականների եւ տեղահանված անձանց մասին է:

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի օգնական, քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը «Ազգի» հետ հեռախոսազրույցում նկատեց, որ «ընդհանուր առմամբ երկրորդ զեկույցն առաջինի շարունակությունն է, պատրաստվել է նույն ոգով եւ ակնհայտ ադրբեջանամետ է»: Բաբայանն անընդունելի է համարում ՄՃԽ-ի զեկույցը պատրաստելու բանաձեւը` ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձվում են, վերադառնում են ադրբեջանցի փախստականները, այսինքն` նախ լուծում է տրվում հակամարտության հետեւանքներին, որից հետո միայն անդրադարձ է արվում գլխավորին` ԼՂ կարգավիճակին, որի պատճառով է հենց ծագել հակամարտությունը: Ավելին, ԼՂՀ նախագահի օգնականն անընդունելի է համարում մինչեւ կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը ԼՂ-ն Ադրբեջանի կազմում թողնելու առաջարկությունը:

«Սա ցույց է տալիս, որ զեկույց պատրաստողները կողմերի համար հակամարտության կարգավորման որեւէ տարբերակ չեն առաջարկում: Յուրաքանչյուր զեկույց ունի ազդեցության շրջանակներ, սակայն երբ դա պատրաստվում է միակողմանի, ավելի է հեռացնում հակամարտության լուծումը: Ավաղ, այս փորձագիտական երկրորդ զեկույցն էլ միակողմանի է եւ ադրբեջանամետ», ասաց Բաբայանը:

Համակարգչային 40 էջանոց այս զեկույցին անդրադառնալու առիթներ կլինեն: Առաջին տպավորությունը, որ ստանում ես ՄՃԽ-ի պատրաստած երկրորդ զեկույցն ընթերցելուց հետո, հետեւյալն է. խմբի անդամներն աշխատելու ընթացքում ավելի շատ հղումներ են անում ադրբեջանական եւ ադրբեջանանպաստ աղբյուրներին, քան հայկական եւ ղարաբաղյան, վերջիններից ավելի շատ մեջբերում են նրանք, որոնք էությամբ զիջողական են:

Հավելենք, որ ՄՃԽ-ն ոչ կառավարական կազմակերպություն է, նրա պատրաստած փորձագիտական զեկույցները չունեն պարտադիր ուժ, սակայն լուրջ ուշադրության են արժանանում որոշումներ կայացնող կարեւորագույն ուժային կենտրոններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4