Ընտրությունների ընթացքն ըստ դիտորդների
«Ընտրությունների ժամանակ հին խախտումներըՙ զանգվածային լցոնումներ, կարուսելներ, այլեւս չեն կիրառվում: Այժմ խնդիրը հեշտացել է: Պարզապես բաց քվեարկություն է տեղի ունենում», այս եզրակացությանն են եկել «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները հոկտեմբերի 9-ին Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետեւելիս: Ըստ նրանց, արտաքնապես խաղաղ, առանց արտակարգ միջադեպերի քվեարկությունը դեռեւս չի խոսում ընտրողների գիտակցված, առանց ներազդեցության ընտրության մասին:
Երեկ հասարակական կազմակերպության ղեկավարները լրատվամիջոցներին էին ներկայացնում իրենց դիտորդական առաքելության արդյունքները: Ըստ կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանի, անճշտությունները սկսվում էին դեռեւս նախնական եւ վերջնական ընտրացուցակներից: Նրա դիտարկմամբ, կոծկելու համար անճշտությունների մեծ թիվը, Արարատի մարզի Մասիս քաղաքի Նարեկ համայնքում քաղաքացիների ընտրության իրավունքը վերականգնվում էր ոչ թե դատարանի վճռով, այլ անձնագրային բաժնի տրամադրած փաստաթղթով: Նույն մարզի Արարատ գյուղի ցուցակներում դիտորդները հայտնաբերել են 1960-ականներին մահացած 220 բնակիչների անուններ: Մարզի բոլոր տեղամասերում վերջնական ցուցակները փակցվել են ընտրությունից ոչ թե 2, այլ 1 օր առաջ: Ըստ դիտորդների, գրեթե բոլոր ընտրատեղամասերի առջեւ կանգնել եւ իրավիճակը վերահսկել են «թաղի տղաները»:
Ինչ վերաբերում է քվեարկության գաղտնիությանը, ապա, ըստ պրն Համբարձումյանի, Նոր Հաճընի 27/04 ընտրական տեղամասում, օրինակ, հանձնաժողովի նախագահը որոշ դեպքերում անձամբ էր քվեարկում այս կամ այն ընտրողի փոխարեն: Այստեղ դիտորդները հայտնաբերել են նաեւ կրկնակի քվեաթերթիկներ լցնելու դեպքեր: Վերջին դեպքերից հետո հատկապես հետաքրքրական է Նոր Հաճընում տեղի ունեցած ընտրություններին դիտորդների գնահատականը: Հասարակական կազմակերպության փոխնախագահ Խաչիկ Ոսկանյանը, որ անձամբ եղել է Նոր Հաճընի 5 տեղամասերում էլ, նշեց, որ ընտրություններին մասնակցում էին բավական մեծ թվով քաղաքացիներ, սակայն «բոլոր տեղերում քվեարկությունը բաց էր: Սա ողջ քաղաքում զանգվածային խախտում էր: Քաղաքացիների 50 տոկոսը քվեաթերթիկը չծալած էր գցում քվեատուփի մեջ»:
Կազմակերպության նախագահը տեղեկացրեց, որ երկու օր առաջ ԿԸՀ-ում տեղի ունեցած արտահերթ նիստում միաձայն ընդունվել է այն որոշումը, որ ընտրությունները վերահսկելիս ՀՀ օրենսդրությունը խախտող դիտորդը զրկվում է դիտորդական առաքելությունից: Նախնական տարբերակում նման խախտման դեպքում դիտորդական առաքելությունից զրկվում էր ոչ թե դիտորդը, այլ կազմակերպությունը:
ՀԿ-ն վերոհիշյալ խախտումների վերաբերյալ զեկույց է պատրաստել, որը երեկ սահմանված կարգով ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բացի խախտումների արձանագրումից, զեկույցում կան առաջարկներ եւս, մասնավորապես քվեախցերի կառուցվածքը սահմանել օրենքների պահանջներին համապատասխան, որպեսզի պահպանվի քվեարկության գաղտնիության սկզբունքը: ՀՀ օրենսդրության համաձայն, համապատասխան պատժամիջոցներ կիրառել ընտրակարգի խախտումներ թույլ տված եւ անօրինական քարոզչություն իրականացրած անձանց նկատմամբ եւ այլն:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ