«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2005-10-08 | #182, 2005-10-11 | #183, 2005-10-12


«ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՌՈՂՋ ԵՎ ՈՒԺԵՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ»

Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը 60 տարեկան է

Այս տարի լրանում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) հիմնադրման 60-ամյակը, որը հոկտեմբերի 24-ին նշվելու է օպերայի դահլիճում: Ինստիտուտի հոբելյանական տարվա, ինչու չէ նաեւ անցած ճանապարհի, լուծված եւ առկա խնդիրների մասին խոսելու համար «Ազգը» հանդիպեց ինստիտուտի ռեկտոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանի հետ:

1988 թ.-ից ինստիտուտը ղեկավարող ռեկտորը մեզ հետ զրույցում ոչ մի հիմնախնդրի չանդրադարձավ` նշելով. «Մենք խնդիրներ չենք ստեղծում, մենք դրանք հարթեցնում ենք»: Փոխարենը պրն Առաքելյանը փոքր պատմական անդրադարձից հետո նկատեց ինստիտուտի այժմյան ձեռքբերումները:

1945 թ. հիմնադրված ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, որի առաջին տնօրենն է եղել ֆիզիկական դաստիարակության բնագավառի խոշոր մասնագետ Հայկ Փարսադանյանը, կարեւոր նշանակություն ունեցավ: Առաջին անգամ Հայաստանում ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունը կոչված էր բարձր որակավորում ունեցող կադրեր պատրաստել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի համար: Ռեկտորի հավաստմամբ, ինստիտուտի կայացումը դժվար է եղել: Հիմնադրման տարում բուհն ունեցել է 60 ուսանող, 26 հոգուց բաղկացած դասախոսական կազմ, չեն եղել անհրաժեշտ գրականություն եւ շենքային պայմաններ: Բուհում հաստատված առաջին մարզական մասնագիտացումները ըմբշամարտ, մարմնամարզություն, դահուկասպորտ, ֆուտբոլ եւ եւս մի քանի մարզաձեւերից էին, որոնք սակայն ակտիվ գործունեություն են ծավալել բուհի կայացման գործում, զգալի ներդրում ունեցել ուսումնադաստիարակչական, գիտահետազոտական եւ մարզական աշխատանքի կազմակերպման բնագավառում: Այսօր սակայն ռեկտոր Վահրամ Առաքելյանը հպարտությամբ է խոսում ինստիտուտի անցած ճանապարհի մասին:

1959 եւ 80-ական թթ. կառուցված ինստիտուտի 2 մասնաշենքերի կողքին այսօր կառուցվում է 3-րդը: Ռեկտորի խոսքերով, ինստիտուտն այսօր ունի 2 մեծ ֆակուլտետ` մարզաառողջարարական եւ մարզչամանկավարժական, 17 ամբիոն, 24 մասնագիտություն, մոտ 2 հազար ուսանող առկա եւ հեռակա բաժիններում, ապահովված է ժամանակակից շոգեբաղնիքներով, մարզադահլիճով, ջեռուցմամբ, գույքով, 22 հազար գրադարանային ֆոնդով, ուր յուրաքանչյուր ամբիոն ապահովված է մայրենի լեզվով գրականությամբ: Ինստիտուտի պատմությունը վավերացնում է պատմության թանգարանը, որը բացվել է բուհի 40-ամյակին: Ինստիտուտում հիմնվել է նաեւ սպորտի գիտահետազոտական կենտրոն, մարզական ակումբ (ՖԻՄԱ), բուժկենտրոն: Ինստիտուտում դասախոսում են բազմաթիվ վաստակավոր մարզիչներ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողներ, սպորտի վարպետներ, դոկտորներ, պրոֆեսորներ: Իհարկե, լավ է նման պայմանների գոյությունը, մանավանդ որ մենք խնդիր ունենք ավելի լավ պատրաստված մարզիկների:

Ինստիտուտն իր ձեռքբերումներում երախտապարտ է իր բարեկամներին եւ աջակիցներին: «Բացի պետական բյուջեից, մեզ օգնում են ճանաչված մարզիկներ եւ գործարարներ Գագիկ Ծառուկյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եւ շատերը», հավելեց ռեկտորը: Ինչ վերաբերում է ինստիտուտի հիմնական առաքելությանը, պրն Առաքելյանը նշեց. «Մեր ինստիտուտը տվել է 13 օլիմպիական, 20-ից ավելի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ»:

Ինստիտուտի պատմության նոր փուլում ուշագրավ է մարզական լրագրության եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրա մասնագիտությունների հիմնումը: Վերջինս տարբեր կարգի հաշմանդամ մարդկանց հետ աշխատելու համար մասնագետներ է պատրաստում: Հետաքրքրական է նաեւ ինստիտուտը երիտասարդ կադրերով համալրելու նախաձեռնությունը, որի շնորհիվ այսօր բուհում աշխատում են բավական թվով երիտասարդ դասախոսներ: Իսկ վերջին հինգ տարում պաշտպանվել են 33 ատենախոսություններ, որից 4-ըՙ դոկտորական: Ռեկտոր Վահրամ Առաքելյանի մեկնաբանմամբ. «Մեծերի փորձն ու գիտելիքներն ուրիշ են, բայց լավ աշխատող երիտասարդներ էլ են անհրաժեշտ»: Մի խոսքով, ինստիտուտի հեռանկարներն ու անելիքները շատ են:

Ինչ վերաբերում է բուհի 60-ամյա հոբելյանին, ապա այս տարին ամբողջությամբ նվիրված է եղել ինստիտուտի տարեդարձին: Տարվա ընթացքում կազմակերպվել են տարատեսակ գիտաժողովներ, հուշամրցաշարեր, սեմինարներ եւ մրցումներ: Իսկ հոկտեմբերի 24-ին կկայանա հոբելյանական հիմնական երեկոն, որին, ռեկտորի խոսքերով, հրավիրվել եւ հրավիրվում են ինստիտուտի բոլոր շրջանավարտներըՙ սպորտի բնագավառում կրթօջախի ունեցած հաջողությունները տոնելու, հպարտանալու, հիշելու, ինչո՞ւ չէՙ նաեւ խորհելու...

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4