Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Թեքեյան թատրոնը» թատերասեր հանդիսականի դատին կրկին ներկայացրեց «Տիմոն Աթենացի» ողբերգության հիման վրա գրված Սամվել Խալաթյանի «Վերջի սկիզբը» մոնոդրաման: Մոնոներկայացումը բեմադրել էր «Թեքեյան թատրոնի» գեղ. ղեկավար, պետ. մրց. դափնեկիր Արտաշես Հովհաննսիյանը, իր իսկ նկարչական ձեւավորմամբ, նկարիչն էր Եվա Գեւորգյանը, երաժշտական ձեւավորողը Աշոտ Փափազյանը: «Վերջի սկիզբը» մոնոդրաման վերջերս Երեւանում կայացած մոնոներկայացումների 3-րդ միջազգային փառատոնում համարվեց լավագույնը: Նշեմ, որ միակ ու գլխավոր դերակատարըՙ Տիմոնի կերպարը հրաշալի ու յուրովի մեկնաբանեց ՀՀ ժող. դերասան, պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանը: Պիեսի հիմքում ոսկու կործանարար ուժի մասին թեման է: Երեկ Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացած ներկայացումն ընդունվեց մեծ խանդավառությամբ ու բուռն ծափերով:
Հոկտեմբերի 20-ին մեկ անգամ եւս կներկայացվի գործը ու դրանից հետո կուղեւորվի հյուրախաղերի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ