ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«Եվրոմիությունը չի պաշտպանում Կարս-Ախալքալաք երկաթգծի նախագիծը եւ դա համարում է անարդյունավետ»: Այս մասին երեկ Բրյուսելում «Մեդիամաքսի» թղթակցին տված հարցազրույցում ասել է Եվրոհանձնաժողովի (ԵՄ գործադիր մարմինն է-խմբ.) տրանսպորտի եւ էներգետիկայի գլխավոր տնօրենության ներկայացուցիչը, որը խոսել է իր անունը չբացահայտելու պայմանով: Նա հայտարարել է, որ ԵՄ-ն առավել արդյունավետ է համարում Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը, որը տեղավորվում է ՏՐԱՍԵԿԱ նախագծի շրջանակներում:
«Ադրբեջանը եւ Թուրքիան ՏՐԱՍԵԿԱ-ի մասնակիցներ են, եւ մենք տեղեկացրել ենք այդ երկրներին մեր դիրքորոշման մասին», ասել է ԵՀ ներկայացուցիչը, հավելելով, որ ԵՀ-ն պաշտոնական նամակ է ստացել Հայաստանից, որում հայկական կողմը հայտարարել է Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգծով անցնող տարանցիկ բեռներն առանց իր տարածքում կանգառի բաց թողնելու պատրաստակամության մասին: «Հայկական կողմի այս առաջարկությունը լուրջ հույսեր է ներշնչում», ասել է նա:
«Ազգը» սեպտեմբերի 8-ի համարում տպագրել էր Հայաստանի արտգործնախարարի նամակը ԵՀ փոխնախագահ, տրանսպորտի հարցով հանձնակատար Ժակ Բարրոյին` շարադրելով Հայաստանի դիրքորոշումը Կարս-Ախալքալաք երկաթուղու առնչությամբ:
Մայիսի 31-ին թվագրված նամակում Վարդան Օսկանյանը մասնավորապես նշել էր. «Տեղեկանալով, որ ներկայում դուք քննարկում եք Թուրքիայից Վրաստան նոր երկաթուղի կառուցելու հնարավորությունը, թույլ տվեք ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը: Ինչպես գիտեք, գոյություն ունի գործող երկաթգիծ, որը Գյումրիով Կարսը կապում է Թբիլիսիին: Սա անփոխարինելի միջանցք է ԵՄ-ից ֆինանսավորվող ՏՐԱՍԵԿԱ ծրագրում: Այն չի շահագործվել Հայաստանը շրջափակելու Թուրքիայի քաղաքական որոշման պատճառով: Երկաթուղային նոր գիծ կառուցելու ներկայիս որոշումը պահանջում է շատ մեծ դրամական միջոցներ եւ գումար: Ավելին, դա հարում է արդեն տասնամյակ շարունակվող շրջափակման Թուրքիայի քաղաքականությանը: (Հայ-թուրքականը) միակ փակ սահմանն է ամբողջ Եվրոպայում: Հայաստանը բանականությունից հեռու եւ անընդունելի է համարում նման լուծումը: Եթե Հայաստանն է Թուրքիայի համար խնդիրը, ապա Հայաստանը պատրաստ է չօգտվել այդ (Կարս-Գյումրի) երկաթգծից: Եթե Եվրոպան իսկապես ուզում է Կովկասում համագործակցություն, այս (Կարս-Գյումրի) երկաթգծի վերաշահագործումը լավագույն խթանն է այդ գործընթացի համար: Այդ միջանցքը չշահագործելը կդժվարացնի եվրոպական հարեւանության քաղաքականության հաջող իրականացումը»:
Կարելի է արձանագրել, որ հայկական կողմի գործադրած ջանքերն արդյունք են տվել: Նկատենք, որ ԵՄ-ն ավելի վաղ խրախուսում եւ հակված էր ֆինանսավորելու Կարս-Ախալքալաք նախագիծը: Եվրոհանձնաժողովի տրանսպորտի եւ էներգետիկայի գլխավոր տնօրենության ղեկավար Ֆրանսուա Լամուրեն 2004 թ. նոյեմբերի 15-ին Բաքվում հայտարարել էր, որ ԵՄ-ը շահագրգռված է Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության իրագործմամբ: «Մենք մանրամասնորեն ուսումնասիրել ենք այդ նախագիծը, որպեսզի հետագայում կարողանանք ֆինանսավորել: Սակայն բացի ԵՄ միջոցներից, մենք պետք է տեսնենք ֆինանսավորման հնարավոր այլ աղբյուրներ», ասել էր Լամուրեն:
2004 թ. դեկտեմբերի 28-ին Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները Թբիլիսիում ստորագրեցին Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության համաձայնագիր: 2005 թ. մայիսի 25-ին Բաքվում երեք երկրների նախագահներ Սեզերը, Սաակաշվիլին եւ Ալիեւը հայտարարեցին երեք երկրները Եվրոպային կապող «երկաթուղային միջանցքի» ձեւավորման մասին: Իսկ մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, վերադառնալով Թուրքիա կատարած պաշտոնական այցից, հայտարարեց, որ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարության նախապատրաստական աշխատանքները կավարտվեն եկող տարի: Հայաստանը շրջանցող եւ շրջափակող Կարս-Ախալքալաք երկաթուղու 98-կմ-անոց հատվածը (68-ը Թուրքիայում, 30-ըՙ Վրաստանում), պետք է միացվի գործող Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն: Ըստ նախնական հաշվարկների, նոր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է 400-ից 800 միլիոն դոլար: