Ֆրանսուա Միտերանի կյանքի վերջին տարիների վերաբերյալ ֆրանսահայ անվանի կինոբեմադրիչ Ռոբեր Կետիկյանի նկարահանած ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվում է Ֆրանսիայում: 1981-1995 թթ. երկիրը կառավարած սոցիալիստ նախագահ Միտերանն իր մահից (1996) ինը տարի անց «վերակենդանացել է» Կետիկյանի «Մարսյան դաշտում զբոսնողը» ֆիլմի շնորհիվ, որը հիմնված է լրագրող Ժորժ-Մարկ Բենամուի հուշագրության վրա:
Ծեր եւ հիվանդ Միտերանի կերպարը մարմնավորում է հայտնի դերասան Միշել Բուքեն: Լրագրողի դերում հանդես է գալիս Ջալիլ Լեսպերը: Ժամանակին «Ազգը» գրել է, որ Կետիկյանի ֆիլմն ստեղծված է նախագահի եւ լրագրողի երկխոսությունների, զրույցների ձեւով: Այդուհանդերձ, ինչպես նշում է Ֆրանսիայի ԱԳՆ «Լաբել Ֆրանս» տեղեկագիրը. ֆիլմը ոչ թե Միտերանի կենսագրությունն է, այլ պատմություն է նրա կառավարման վերջին տարվա մասին:
Կինոքննադատների բնորոշմամբ, Միշել Բուքեն համոզչորեն կերտել է քաղցկեղից, զանազան սկանդալներից (ապօրինածին դուստր, կասկածելի անցյալ, հեռախոսազրույցների գաղտնալսումներ) թուլացած, քաղաքականապես մեկուսացած նախագահի կերպարը: Միտերանը լրագրողի հետ զրուցելիս խորհրդածում է իշխանության, գրականության, կյանքի եւ մահվան, իր կառավարման մոտալուտ ավարտի հարցերի շուրջը:
Ֆրանսիայում այս տարի կինոէկրաններին հայտնված ֆիլմն արդեն դիտել են կես միլիոնից ավելի հանդիսատեսներ: Ներկայումս ֆիլմի հարցադրումների շնորհիվ Ֆրանսիայում վերստին բանավեճ է ծավալվել արդեն իսկ պատմական տարեգրության մեջ անցած Միտերանի հետաքրքրական եւ հակասություններով լի անձնավորության շուրջը:
Պ. Ք.