Փիթեր Բալաքյանի վերջինՙ «Այրվող Տիգրիսը» գիրքն արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան 2005 թ. մրցանակին որպես ցեղասպանության եւ մարդու իրավունքների թեմայով գրված լավագույն գիտական ուսումնասիրություն, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 1-ի համարը: Մրցանակը, որը տալիս է քրեական արդարադատության Ջոն Ջեյ քոլեջի ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտը, նախատեսում է դրամաշնորհ ի հիշատակ ցեղասպանության միջազգային իրավական հասկացության ռահվիրա-գիտնականի: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը եւ հեղինակի ելույթը տեղի են ունենալու, ըստ լրատվության, նոյեմբերի 11-ին Նյու Յորքում, վերոհիշյալ քոլեջի դահլիճում:
Հիշեցնենք, որ Բալաքյանի հատորը «Նյու Յորք թայմսի» «բետսելլերների» շարքում էր դասված բավական ժամանակ եւ համարվում էր 2003 թ. «նշանակալից գիրք»: «Այրվող Տիգրիսը» «գիտական տեւական արժեք եւ ժամանակակից կարեւոր նշանակություն ունեցող գիրք» է որակել մրցանակը շնորհող հանձնախմբի նախագահ Հելեն Ֆեյնը:
Հ. Ծ.