«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2005-10-11 | #183, 2005-10-12 | #184, 2005-10-13


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐ ԵԶԱԿԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵԶԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ

Եզակի հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան բնագավառի ներկայացուցիչները: Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ նոյեմբերին Թունիսում կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովին կմասնակցի նաեւ հայաստանյան պատվիրակությունըՙ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Վալերի Տկաչուկը եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանը հանդիպեցին լրագրողների հետ եւ ներկայացրին գագաթաժողովի մանրամասները:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ եւ Միջազգային հեռահաղորդակցության միության անմիջական կազմակերպմամբ այս միջոցառման եզրափակիչՙ երկրորդ փուլին կմասնակցեն ամռանը Հայաստանում տեղի ունեցած էլեկտրոնային բովանդակության «Մաշտոց-1600» համահայկական մրցույթի 8 անվանակարգերում հաղթող ճանաչված աշխատանքները: Գարեգին Չուգասզյանը տեղեկացրեց, որ միջազգային ժյուրին Հայաստանի ներկայացրած 8 աշխատանքներից 4-ը ճանաչել է այս տարվա լավագույն տասնյակում: Բացի այդՙ 2005-ի աշխարհի լավագույն մշակութային CD/DVD անվանակարգում հաղթող է ճանաչվել հայկական աշխատանքըՙ «Արամ Խաչատրյան. կյանքը եւ ստեղծագործությունը», իսկ «էլ-կրթություն» անվանակարգի հատուկ դիպլոմի է արժանացել «Հայոց մեծ եղեռն. 1915-1923» սկավառակը: Հայաստանյան եւս երկու գործ տեղ են գրավել աշխարհի լավագույն գործերի տասնյակումՙ Գ. Մարգարյանի www.doctor.am ինտերնետային էջը «էլ-առողջապահություն» անվանակարգում եւ «ՆԱՏԿ» ընկերության www.edram.am էջըՙ «էլ-բիզնես» անվանակարգում: Գարեգին Չուգասզյանի գնահատականովՙ սա բավականին բարձր ցուցանիշ է Հայաստանի պես փոքր երկրի համար: Հիշեցնենք, որ 2003-ին Ժնեւում կայացած գագաթաժողովին հաղթանակի էր արժանացել հայաստանյան միայն 1 աշխատանք:

«Արամ Խաչատրյան. կյանքը եւ ստեղծագործությունը» եռալեզու ձայնասկավառակը ներկայացնում է համաշխարհային հռչակ վայելող կոմպոզիտորի ամբողջական կերպարըՙ կյանքի տարբեր փուլերի լուսանկարներով, հուշերով, նամակներով, ստեղծագործություններով:

Մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված սկավառակում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարները, արխիվային այլՙ նույնիսկ դեռեւս չհրապարակված բազմաթիվ նյութեր ոչ միայն 1915-23 թթ.-ին են վերաբերում, այլեւ ներկայացնում են 1878-1965 թթ. պատմությունը: Լուսանկարներում Արեւմտյան Հայաստանի տարբեր խավերի ներկայացուցիչներ են, ողբերգական պատմությունը փաստող լուսանկարներ, հայկական դիմադրության օրինակներ, վերապրողներ: Հատուկ ուշադրության են արժանի 1915-ին «Նյու Յորք թայմսում» հայերին եւ Արեւմտյան Հայաստանին վերաբերող բոլոր հոդվածների հավաքածուն, տարբեր երկրների ականատեսների վկայությունները եւ այլն:

«Ազգի» այն հարցին, թե որքանով են այս աշխատանքները մրցունակ շուկայում եւ որքանով են վերադարձնում ներդրումներըՙ Գարեգին Չուգասզյանն ասաց. «Սրանք մշակութային աշխատանքներ են եւ շուկայում տեղ գտնելու համար դեռ բավականին ճանապարհ պիտի անցնեն: Բայց պետք է նաեւ նշեմ, որ վերջին շրջանում ողջ աշխարհում մշակութային այսպիսի արժեքների պահանջարկը ահռելի չափերի է հասել, մշակութային արտադրությունը Միացյալ Թագավորությունում ողջ տնտեսության մոտ 10 տոկոսն է կազմում: Մեր նման երկիրը, որ ունի շատ հարուստ մշակութային ժառանգություն, չափազանց հետաքրքրական հնարավորություն ունի մեր մշակութային արտադրությունը զարգացնելու: Հայկական 4 գործերի հաջողությունը փաստում է, որ իրականում մեր աշխատանքը հետաքրքրում է աշխարհին»: Նա տեղեկացրեց, որ Արամ Խաչատրյանին եւ Մեծ եղեռնին վերաբերող սկավառակները հոկտեմբերի 19-23-ը կմասնակցեն Ֆրանկֆուրտում կայանալիք գրքի միջազգային ցուցահանդեսին:

Հաղթանակի արժեքն առավել ակնհայտ է դառնում համեմատության մեջ: Այս տարի Ադրբեջանի ներկայացրած «Հայկական տեռոր» սկավառակը միջազգային ժյուրին մերժել է առաջին իսկ փուլում, ոչ մի մրցանակի չարժանացած այս երկրի կողքին են Գերմանիան, Իտալիան, իսկ Հայաստանը 2-րդ անգամ մրցանակ ստացող 14 մեծ եւ հարուստ երկրների կողքին է:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4