Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր ելույթներն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Ավարտական խաղում մեր ֆուտբոլիստները հյուրընկալվել էին Անդորրայի հավաքականին: Ընտրական առաջին խմբի հետնապահների այդ մրցավեճում պետք է որոշվեր, թե հավաքականներից որ մեկը կեզրափակի մրցաշարային աղյուսակը: Հայաստանի հավաքականի կազմում տարբեր պատճառներով բացակայում էին առանցքային մի քանի ֆուտբոլիստներ: Սակայն դա չխանգարեց մեր ընտրանուն հաղթանակով ավարտել մրցաշարը:
Առաջին իսկ րոպեներից հաստատվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանի այն կանխատեսումը, որ դաշտի տերերն ընտրելու են պաշտպանական խաղաոճ: Դաշտի տերերն առջեւի գծում թողնելով ընդամենը մեկ ֆուտբոլիստիՙ ողջ թիմով նահանջել էին սեփական կիսադաշտՙ ինքնակամ նախաձեռնությունը հանձնելով մրցակցին: Սակայն ունենալով խաղային եւ տարածքային զգալի առավելություն, հայ ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում չկարողացան առանձնապես լուրջ խնդիրներ առաջադրել մրցակցին: Նրանք գործում էին ոչ այնքան բարձր տեմպով, գրոհներն էլ առանձնապես աչքի չէին ընկնում սրությամբ եւ բազմազանությամբ: Դա էր պատճառը, որ մինչեւ ընդմիջում ընդամենը 3 շատ թե քիչ վտանգավոր պահ ստեղծվեց Անդորրայի հավաքականի դարպասին: Խաղասկզբում վտանգավոր հարված կատարեց Մխիթարյանը եւ դարպասապահի անվստահ խաղից հետո քիչ էր մնացել Արա Հակոբյանը գրավեր դարպասը: 24-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը մոտ տարածությունից վրիպեց:
Դժվար է ասելՙ մինչեւ ընդմիջում մեր ֆուտբոլիստներին կհաջողվե՞ր հասնել արդյունքի, եթե 40-րդ րոպեին չսխալվեր Անդորրայի հավաքականի պաշտպանը, որը փորձելով կանխել ձախ թեւից Մելիքյանի փոխանցումը, գնդակն ուղարկեց սեփական դարպասըՙ ապակողմնորոշելով դարպասապահին: Առաջին խաղակեսի ավարտին դաշտի տերերը մնացին 10 հոգով, ինչն ավելի դժվարացրեց նրանց խնդիրը:
Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստների հարձակողական գործողություններում որոշակի ակտիվություն նկատվեց, ինչի շնորհիվ հաջողվեց երկու անգամ իրացնել գոլային պահերը: Աչքի ընկան Հակոբյան եղբայրները: Ինչ վերաբերում է անդորրացիներին, ապա խաղամակարդակով զգալիորեն մեր ֆուտբոլիստներին զիջող դաշտի տերերը ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չկարողացան լրջորեն սպառնալ Հայաստանի հավաքականի դարպասին: Հիշատակության է արժանի ընդամենը 2 պահ: Մի դեպքում մրցակիցը չհասավ գնդակին, մյուս դրվագում տուգանային հարվածից հետո Կասպարովը հետ մղեց գնդակը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակով ավարտեց ընտրական մրցաշարը եւ խույս տվեց վերջին տեղից: Ինչ խոսք, հաղթանակն ուրախալի է, սակայն, եթե անկեղծ լինենք, Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղն իրեն զգալիորեն զիջող մրցակցի հետ առանձնապես տպավորություն չթողեց: Այնպես որ, ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցելույթները հնարավոր չէ բավարար համարել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ