Բուդապեշտում ընթացող ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի ընտրական մրցաշարում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Թալ Գրիգը» երկրորդ հանդիպումն անցկացրեց: Հայ ֆուտբոլիստներն ուժերը չափեցին տանտերերի հետ: Ինչպես եւ «Բենֆիկայի» հետ նախորդ խաղում, այս անգամ էլ խաղասկզբում «Թալ Գրիգը» սեփական դարպասը գոլ բաց թողեց: Սակայն հետագայում մեր ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցան շնորհիվ Գրիգոր Կապուկրանյանի եւ Արման Սահակյանի խփած գոլերի:
Ընդմիջումից հետո հունգարացի ֆուտբոլիստներին հաջողվեց տիրել նախաձեռնությանը եւ 2 գոլ խփել (3-2): Ի պատիվ «Թալ Գրիգի», վերջին րոպեին Էմիլ Մեսրոպյանը հավասարեցրեց հաշիվըՙ թիմին փրկելով պարտությունից: Խմբի մյուս խաղում պորտուգալական «Բենֆիկան» 5-0 հաշվով հաղթեց Կիպրոսի «Արարատին»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ