Ստեփանակերտում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Այն անցկացվում է 2 խմբովՙ 10-ական մասնակցով: «A» խմբի մրցաշարը բավական ուժեղ կազմ էր հավաքել եւ ՖԻԴԵ-ի 17-րդ կարգի էր (միջին վարկանիշըՙ 2668): «B» խմբի մրցաշարն էլ 11-րդ կարգի էր (2504), որում եւս հանդես էին գալիս ճանաչված շախմատիստներ:
Խաղարկվող գլխավոր մրցանակները նվաճեցին Լեւոն Արոնյանն ու Տիգրան Պետրոսյանը: «A» խմբի մրցաշարում ավարտական տուրում ուշադրության կենտրոնում գլխավոր մրցանակի հավակնորդներ Արոնյանի եւ Նակամուրայի պարտիան էր: Մրցաշարի հաղթող ճանաչվելու համար Արոնյանին բավարարում էր նաեւ ոչ-ոքի արդյունքը, քանի որ կես միավորով գերազանցում էր մրցակցին: Լեւոնը հասավ իր նպատակինՙ խաղաղ դաշն կնքելով Նակամուրայի հետ: Այսպիսով, վաստակելով 6 միավոր, Լեւոն Արոնյանը դարձավ մրցաշարի հաղթող: Նրանից կես միավորով հետ մնաց ճապոնացի Նակամուրան, որը զբաղեցրեց 3-րդ տեղը: 2-րդ մրցանակակիր դարձավ Աշոտ Անաստասյանը, որը նույնպես վաստակեց 5,5 միավոր, սակայն Նակամուրային շրջանցեց լրացուցիչ ցուցանիշներով: Վերջին տուրում Անաստասյանը խաղաղ դաշն կնքեց Կարեն Ասրյանի հետ: Վերջինս այս մրցաշարում իր հնարավորություններից բավական ցածր հանդես եկավՙ չճաշակելով հաղթանակի քաղցրությունը: Կարենը 4 միավորով գրավեց 8-րդ տեղը:
9-րդ տուրի բոլոր հանդիպումներում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Հաշտություն կնքեցին նաեւ Դրեեւն ու Բոլոգանը, Իվանչուկն ու Մաչեյան: Ներկայացնենք «A» խմբի մյուս մասնակիցների ցուցանիշները. Սոկոլովՙ 5, Մաչեյա, Բոլոգան, Իվանչուկՙ 4-ական, Բու, Դրեեւՙ 3,5-ական: Ինչպես եւ սպասվում էր, «B» խմբում հաղթողի կոչմանն արժանացավ Տիգրան Պետրոսյանը: Այստեղ պայքարը 1-ին տեղի համար ավելի համառ բնույթ կրեց: Պետրոսյանը վերջին տուրում միավորը կիսեց Եղիազարյանի հետ, իսկ ահա նրա գլխավոր հակառակորդներ Սերգեյ Գրիգորյանցն ու Լամին հաղթանակներ տոնեցին համապատասխանաբար Չիբուխչյանի եւ Սվեշնիկովի նկատմամբ: Արդյունքում 3 շախմատիստներՙ Պետրոսյանը, Գրիգորյանցն ու Լամին վաստակեցին հավասարՙ 6,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով նշված հերթականությամբ էլ լավագույն եռյակը տեղ զբաղեցրեց պատվո պատվանդանին: Տիշբիրեկ-Գալստյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ Լոպեսը հաղթեց Լագնոյին:
Մրցաշարի մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Եղիազարյանՙ 5,5, Գալստյանՙ 5, Տիշբիրեկՙ 4,5, Չիբուխչյանՙ 3,5, Սվեշնիկովՙ 3, Լոպեսՙ 2,5, Լագնոՙ 1,5:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ