Դրանք պետք է ձեռնարկեն կառավարությունն ու նաեւ հենց արտադրողները
Տեղական արտադրողին խրախուսելու քաղաքականությունը, որքան էլ որոշ «լիբերալներ» համարեն անընդունելի շուկայական տնտեսության համար, այսօր պետությունների ազգային շահերի առաջնահերթություններից է: Ամենաշուկայական եւ ամենազարգացած երկրներն անգամ ամեն ինչ անում են իրենց արտադրողների համար նոր շուկաներ գրավելու եւ պատվերներ ձեռք բերելու համար: Հեռուն գնալ պետք չէ: ԱՄՆ-ն ամեն կերպ ձգտում է, որ Իրաքի նավթարդյունահանումն իրականացնեն ամերիկյան ընկերությունները, իսկ Ֆրանսիայում արգելված է էլեկտրաէներգիայի ներմուծումն այլ երկրներից: Եթե նման հզոր երկրներ իրականացնում են այդպիսի քաղաքականություն, ապա փոքր եւ անցման շրջանը չհաղթահարած երկրների համար տեղական արտադրողի պաշտպանության խնդրիը պետք է դառնա ռազմավարական խնդիր:
Հայաստանի համար տեղական արտադրողին աջակցելն առավել կարեւորվում է նկատի ունենալով մեր աշխարհագրական դիրքը եւ ճանապարհների խնդիրը: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչպես պետք է դա կատարել: Իրականացնել հովանավորչական քաղաքականություն, ներքին շուկայում սահմանել բարձր մաքսատուրքեր ներմուծվող ապրանքների համար, թե՞ ընտրել այլ, ավելի ճկուն տարբերակներ: Առաջինի դեպքում ակնհայտ է, որ որոշ ժամանակ անց կունենանք խորհրդային ժամանակներին բնորոշ փակ տնտեսությունՙ միջազգային շուկայում անմրցունակ տեղական արտադրության ապրանքերով: Բնականաբար հարց է առաջանումՙ ինչպե՞ս վարվել, որպեսզի ե՛ւ տեղական արտադրանքը մրցունակ լինի, ե՛ւ ներքին շուկան պաշտպանված:
Ինչպես խրախուսել արտահանումը
Արտահանումը խրախուսելու առաջին անհրաժեշտ քայլն արված է: Արտահանող ընկերություններն ազատված են ավելացված արժեքի հարկից: Սակայն դա անհրաժեշտ, բայց ամենեւին էլ բավարար քայլ չէ: Կառավարության ներկայացուցիչները, հաճախ վկայակոչելով դա, իրենց առաքելությունը տեղական արտադրողին աջակցելու հարցում համարում են ավարտված: Սակայն միջազգային շուկայում մրցունակ ապրանքներ ունենալու համար անհրաժեշտ են այլ քայլեր եւս:
Մեր արտահանման հնարավոր շուկաների ուսումնասիրության ժամանակ որպես հիմնական առաջարկ նշվում է արտահանող ընկերությունների արտաքին շուկայում համատեղ հանդես գալը: Դա հնարավորություն կտա մեծ շուկաներին անհրաժեշտ քանակ ապահովել եւ տրանսպորտային ծախսերն առանձին-առանձին կատարելու փոխարեն համատեղ կատարել ու միջոցներ խնայել: Բնականաբար այս քայլերով նվազում է արտահանվող ապրանքի ինքնարժեքը եւ բարձրանում նրա մրցունակությունը: Տեղական արտադրողներն առ այսօր որեւէ ոլորտում նման քայլեր չեն իրականացնում: Եվ այստեղ մեղադրել միայն իշխանություններին ճիշտ չէ:
Տեղական արտադրողների համար շատ հաճախ անհասանելի է, թե ինչ է կատարվում արտաքին շուկայում, առավել եւս մարկետինգ իրականացնել արտերկրում: Դա մեծ ծախսեր է պահանջում, որը կարող է իրականացվել պետական կամ կիսապետական կառույցների միջոցով, ինչպիսին Զարգացման հայկական գործակալությունն է: Մինչդեռ վերջինիս գործունեության էական արդյունքների մասին խոսել չենք կարող: Համարյա համարժեք միջոցներով ԱՄՆ գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության հիմա արդեն ավարտված ծրագիրն անհամեմատ մեծ արդյունավետություն ունեցավՙ նպաստելով Հայաստանի տնտեսության մի ամբողջ ճյուղիՙ գյուղմթերքների վերամշակման արդյունաբերության վերականգնմանն ու արտաքին շուկայում ճանաչվելուն:
Արտահանման աջակցության համար անհրաժեշտ միջոցառումներից պետք է լինի նորագույն սարքավորումների ներմուծման ժամանակ մաքսատուրքերից ազատելը կամ հարկային արտոնություններ սահմանելը: Խոսքը արտադրության համար անհրաժեշտ հոսքագծերի եւ այլ սարքավորումների մասին է, որոնք կնպաստեն հայկական ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը:
Իհարկե, բացի վերոնշյալ օբյեկտիվ քայլերից, բազում են այլ սուբյեկտիվ խնդիրներըՙ կապված դատական համակարգի, հարկային եւ հատկապես մաքսային վարչարարության անկատարության եւ այդ մարմինների կոռումպացված լինելու հետ: Գործոններ, որոնք խոչընդոտում են ոչ միայն արտահանմանը, այլեւ տնտեսության զարգացմանն ընդհանրապես:
Սակայն, բացի արտահանողներից, կարեւոր խնդիրներից է նաեւ տեղական շուկայի պաշտպանությունը, այն տեղական արտադրողների պաշտպանությունը, որոնք հիմնականում գործում են ներքին շուկայում:
Ներքին շուկան պետք է պաշտպանված լինի
Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ ներքին արտադրողների որոշ առումներով պաշտպանված չլինելը պայմանավորված է այստեղ առկա բարձր կենտրոնացվածությամբ, ինչի պատճառով յուրաքանչյուր ոլորտում գործում եւ գներ են թելադրում երկու-երեք ընկերություններ: Ինչի հետեւանքով փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար աննպաստ պայմաններ են ստեղծվում, ինչպես նաեւ որակական եւ գնային առումներով տեղական ապրանքները ներմուծվող ապրանքների առջեւ անպաշտպան են դառնում:
Հետեւաբար, պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելը ոչ թե հայտարարություններով, այլ գերիշխող դիրք ունեցողներից պաշտպանելու միջոցով:
Մյուս կողմից, պետք է լիարժեք գործի «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքը: Այն բավականին լուրջ միջոցառումներ է նախատեսում ներքին արտադրողներին պաշտպանելու համար: Մասնավորապես, եթե տեղական արտադրությունը քայքայվում է բացառապես ներմուծվող համարժեք արտադրանքի պատճառով, ապա օրենքը թույլ է տալիս վերջինիս նկատմամբ մինչեւ 15 տոկոս մաքսատուրքեր կիրառել: Անգամ նախատեսված է ներմուծվող համարժեք ապրանքը քվոտավորել: Այսինքն, ներմուծման առավելագույն չափաքանակ սահմանել: Ընդ որում, սա ոչ միայն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը չհակասող, այլեւ հենց նրա առաջարկով ընդունված օրենք է: Սակայն որքան էլ զարմանալի է, բողոքելով ներմուծման դեմ, տեղական արտադրողները որեւէ կերպ մինչ այժմ չեն դիմել այս օրենքի օգնությանը: Եթե այն լիարժեք չէ, ապա պետք է քայլեր ձեռնարկել եւ լրամշակել, որպեսզի նրա դրույթները կիրառվեն եւ կարողանան պաշտպանել ներքին արտադրողին, իսկ եթե նման խնդիր չկա, ապա տեղական արտադրողները դժգոհելու փոխարեն պետք է օգտվեն այս օրենքի ընձեռած հնարավորություններից: Հետեւաբար, կարող ենք ասել, որ այստեղ նույնպես միայն կառավարությանը մեղադրելը ճիշտ չէ:
Վերջում կցանկանայինք նշել, որ չենք հավակնում մեր թվարկած հանգամանքներն ու անհրաժեշտ միջոցառումներն ամբողջական համարել տեղական արտադրությանն աջակցելու քաղաքականության հարցում, բայց եթե այդ ուղղությամբ տեղաշարժեր լինեն, ապա արդյունքները նկատելի կլինեն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ