Մեկ տարի առաջ Հայաստանում հաստատված «Սինոփսիս» ընկերությունը երեկ հայտարարեց, որ մինչեւ 2006 թ. առաջին ֆինանսական քառորդ 13 մլն ԱՄՆ դոլարով կգնի HPL ընկերության բաժնետոմսերըՙ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց վճարելով 0,3 դոլար: «Սինոփսիս Արմենիայում» այսօր աշխատում է 350 ինժեներ եւ ուսանում 150 ուսանող: Այս գործարքով HPL ընկերության մոտ 120 աշխատողներ դառնում են «Սինոփսիսի» ինժեներ: HPL ընկերությունը, որ Հայաստանում հիմնվել է 1995-ին եւ այն ժամանակ արտասահմանյան ընկերություններից հայաստանյան առաջին մասնաճյուղերից էր, ըստ «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանի, այս տարիներին Հայաստանում ստեղծել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կազմակերպությունների գործունեության համար հարմարավետ միջավայր, կառավարության եւ ոլորտի այլ ընկերությունների հետ օրինակելի համագործակցության փորձ կուտակել:
«Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի գնահատմամբՙ մրցակցային շուկայում նորմալ երեւույթ է, երբ առաջատար մի ընկերություն գնում է մյուսին: Սակայն այս դեպքն առավել կարեւոր է Հայաստանի համարՙ տարածաշրջանային զարգացումների առումով:
«Սինոփսիս» ընկերությունը, որ կիսահաղորդիչների նախագծման բնագավառում առաջատարներից է, կարեւորում է արտադրողականության հետ կապված բացթողումների վերացումը եւ ելքի կառավարումը օպտիմալացնելու միջոցով շահույթի մեծացումը: Այսօր նախագծում-արտադրություն սովորական ցիկլը տեւում է 18-20 ամիս: HPL-ի նոր մոտեցումներն ու կուտակած փորձը թույլ կտան կրճատել այս ժամանակահատվածը: Ռիչ Գոլդմանը հույս ունի, որ այս գործարքով էլ ավելի արդյունավետ կդառնա «Սինոփսիսի» աշխատանքը, քանի որ կօգտագործվեն HPL-ի ստեղծած տեխնոլոգիաները եւ բացառիկ տաղանդ ունեցող թիմը: HPL-ի փոխնախագահ Բրայն Գոլդենը հույս հայտնեց, որ այսպիսով «Սինոփսիսն» աշխարհում կդառնա շատ մրցունակ եւ Հայաստանում նոր աշխատատեղեր կստեղծի:
Թ. Մ.