Ռուսաստանցիներն առավել հետաքրքրված են հայկական պանրով, կաթնամթերքով, չրերով եւ հյութերով
«Մոսկվայում սեպտեմբերի 20-25-ը Պուշկինի հրապարակում տեղի ունեցած հայկական արտադրանքի առաջին բացօթյա տոնավաճառը (ցուցահանդես-վաճառք) մոտ 60 հայաստանյան ընկերությունների մասնակցությամբ շուրջ 200 հազար այցելու ունեցավ», երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանը:
Մոսկվա քաղաքի կառավարության եւ Հայաստանի կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում կազմակերպված այդ միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել, երկու օր շարունակ Մոսկվայի Պուշկինի հրապարակը լիքն է եղել դհոլ-զուռնայի, լավաշ թխելու, անգամ հայաստանյան ջրով ցայտաղբյուրի, փահլեւանների ուղեկցությամբ:
Ըստ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մ. Նահապետյանի, Մոսկվայի իշխանությունները բավականին աջակցել են հայկական արտադրանքի տոնավաճառի կազմակերպմանը եւ անցկացմանըՙ ընդհուպ հոգալով ծախսերի զգալի մասը: Մասնավորապես Պուշկինի հրապարակը 2 օրով տրամադրվել է անվճար, որեւէ հարկ չի գանձվել տաղավարների տեղակայման համար, անգամ Հայաստանից ժամանած որոշ հյուրերի տրամադրվել է հյուրանոց:
Բացի այդ, նախապես մտահոգություն է եղել խորովածի համար կրակ վառելու, խմիչքների, գազ օգտագործելու եւ տոնավաճառի անցկացման այլ անհրաժեշտ պարագաների դեպքում անվտանգությունն ապահովելու առնչությամբ: Սակայն Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը բացառություն է արել, եւ անգամ հակաահաբեկչական նկատառումներից ելնելով ցուցաբերված զգուշավորությունն ի վերջո հարթվել է, կրակի, գազի օգտագործումըՙ թույլատրվել:
Հետաքրքրական է, որ Մոսկվայի հայության եւ ընդհանրապես ռուսաստանցիների մեջ մեծ հետաքրքրություն են առաջացրել հայկական պանրատեսակներըՙ տոնավաճառի սկզբից 1,5 ժամ անց հայկական պանիրներ վաճառող տաղավարները փակվել ենՙ մնացած 20 կգ պանիրը պահելով հաջորդ օրը ցուցադրելու համար: Տոնավաճառում հետաքրքրություն են առաջացրել նաեւ հայաստանյան քաղցրավենիքը, չրերի տեսականին, կաթնամթերքը, հյութերը:
Յուրահատուկ պայմաններով ներկայացվել են հայկական 48 տեսակի գինիներ, հետաքրքրություն են առաջացրել ոսկերչական հուշանվերներ արտադրող ընկերությունների արտադրանքը, բացառիկ գոբելենը, հեղինակային կերամիկան, արծաթյա իրերն ու զարդերը, ձեռքի աշխատանքները, նաեւ հայ նկարիչների ստեղծագործությունները:
Նման միջոցառումներ ծրագրվում են ամեն տարի, ավելինՙ անցկացնել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Երկրորդ տոնավաճառը հավանաբար կանցկացվի Սանկտ Պետերբուրգումՙ դարձյալ ունենալով հայաստանյան արտադրանքի իմիջ ձեւավորելու նպատակ: Ըստ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենի խոսքերի, Հայաստանում արտադրված ապրանքների իմիջը երկու չափանիշ ունիՙ էկոլոգիապես մաքուր եւ բարձրորակ:
Տոնավաճառում հետաքրքրական ցուցանիշներ են հաստատվել: Մասնավորապես տոնավաճառի կազմակերպիչները զարմացել են, որ հայերենի ինքնուսույց գրքի վաճառքի մոտ 80 տոկոսը կազմվել է ի հաշիվ ռուսների: Բացի այդ, այցելուների թիվըՙ մոտ 200 հազար, եւս յուրօրինակ ցուցանիշ է, քանի որ նմանօրինակ տոնավաճառներ կազմակերպել են ԱՊՀ այլ երկրների արտադրողները եւս, սակայն, օրինակ, բելառուսների տոնավաճառ է այցելել մոտ 20 հազար մարդ, ադրբեջանցիներն ունեցել են մոտ 30-35 հազար հյուր, վրացիներնՙ ավելի քիչ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ