ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԼՂՀ հռչակումից ի վեր առաջին մարդահամարին վերաբերող հարցեր են քննարկվել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանի Ստեփանակերտում կայացած հանդիպմանը: Ինչպես տեղեկացրեցին ԼՂՀ նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչութունից, ԼՂՀ-ում մարդահամարը կանցկացվի հոկտեմբերի 18-ից 27-ը: ԼՂՀ ղեկավար Արկադի Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ այդ կարեւորագույն պետական միջոցառումը կանցնի բոլոր անհրաժեշտ պահանջներին համապատասխան: Միաժամանակ նախագահը նշել է, որ մարդահամարի արդյունքում ստացված տվյալները կօգտագործվեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների համար, ինչպես նաեւ հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում: