«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2005-10-14 | #186, 2005-10-15 | #187, 2005-10-18


«ԳՐԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԿՌՎՈՎ»

«Հայ ժողովրդի ազգային նկարագրի մեջ Համաստեղը ընդգծում է մեր արարող հատկանիշը: Նա մեր ժողովրդի սիրտն ու հոգին բացող գրող է», ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտա Խաչատրյանը երեկ հայ դասական գրողներից մեկի` Համաստեղի ծննդյան 110-ամյակի առթիվ, որը նշվեց ազգային գրադարանում:

Ծնունդով խարբերդցի, հայտնի սափրիչի եւ բուժակի տոհմից` Կելենյաններից սերված Համաստեղը (Համբարձում Կելենյան) 20 տարին չբոլորած հայտնվել է Ամերիկայում: Խորհրդային Հայաստանում արգելված հեղինակը, ապրելով օտար հողում, իր ստեղծագործությունները նվիրել է հայրենիքին, հայրենի գյուղին: «Անձրեւ», «Գյուղը», «Սպիտակ ձիավորը» եւ մյուս ժողովածուների հեղինակը, Մարգարիտա Խաչատրյանի ներկայացմամբ, հաջողություն է ունեցել նաեւ բանաստեղծությունների ասպարեզում: «Նրա թվով քիչ բանաստեղծությունները իմպրեսիոնիստական ուղղությունից անցում են կատարում դեպի ազգային գրականություն», նշեց գիտությունների դոկտորը:

Մարգարիտա Խաչատրյանը մոտ 15 տարի զբաղվել է Համաստեղի ստեղծագործությունների ուսումնասիրմամբ եւ երեկ գրադարանում հեղինակի ժողովածուների, մամուլին առնչվող նրա հրապարակումների կողքին ներկայացված էր նաեւ ուսումնասիրողի «Նամականի» գիրքը: Այն հեղինակի թվով 500 նամակների հավաքածուն է, ուր ներկայացված են Համաստեղի նամակագրական կապը 12 նամակագիրների` Սիմոն Վրացյանի, Նիկոլ Աղբալյանի եւ այլոց հետ: Մարգարիտա Խաչատրյանը հոբելյանի առիթով ներկայացրեց նաեւ իր նոր «Մոռացված էջեր» եռահատորյակը, ուր ընդգրկված են Համաստեղի որեւէ ժողովածուում չընդգրկված նյութերը, պատմվածքները, բանաստեղծությունները, դրամատիկական գործերը, հոդվածները եւ հուշերը: Գիտությունների դոկտորը նկատեց, որ Համաստեղ այսօր էլ քիչ են կարդում, որովհետեւ նրա ստեղծագործություններից քիչ են հրատարակվում: «Իսկ «Մոռացված էջեր» գիրքը ընթերցողին կարող է ծանոթացնել թե՛ Համաստեղ գրողին, թե՛ Համաստեղ բանաստեղծին եւ առհասարակ նրա ստեղծագործություններին, մանավանդ, որ գրքում տեղ են գտել Համաստեղի` հանրությանը քիչ ծանոթ գործեր» հավելեց նա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4