«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2005-10-14 | #186, 2005-10-15 | #187, 2005-10-18


ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում վերջին չորս տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը» հնարավորություն էր ստացել պաշտոնապես գրանցելու չեմպիոնությունը: «Միկայի» հետ խաղում «Փյունիկի» հաղթանակի դեպքում առաջնության ավարտից երեք տուր առաջ փյունիկցիները տեսականորեն անհասանելի կդառնային մրցակիցների համար եւ 5-րդ անգամ անընդմեջ կնվաճեին երկրի չեմպիոնի կոչումը: Սակայն մրցանակային տեղերի համար պայքարող «Միկայի» ֆուտբոլիստները համառ դիմադրություն ցույց տվեցին մրցակցինՙ խաղն ավարտելով ոչ-ոքի արդյունքով:

Ընդհանրապես առաջատար թիմերի մրցավեճն աչքի ընկավ պայքարի լարվածությամբ: Այս խաղում կարող էր հաղթել կողմերից յուրաքանչյուրը: Երկու թիմերն էլ գոլային մի շարք հնարավորություններ ունեցան, սակայն օգտագործեցին միայն մեկական պահ: Առաջին խաղակեսում հաջողությունն ուղեկցեց փյունիկցիներին: 43-րդ րոպեին հերթական գրոհի ժամանակ «Միկայի» պաշտպան Պետիկյանը սայթաքեց եւ կորցրեց գնդակը: Տիրելով գնդակին, փյունիկցի Տիգրան Դավթյանը ներխուժեց տուգանային հրապարակ եւ բացեց հաշիվը:

Ընդմիջումից հետո «Միկայի» ֆուտբոլիստները բավական ակտիվ հարձակողական գործողություններ ծավալեցին: Իր տարերքի մեջ էր «Միկայի» առաջատար Արմեն Շահգելդյանը, որն անընդհատ պայքարի բովում էր եւ մրցակցի դարպասը գրավելու ուղիներ էր փնտրում: Ի վերջո, Շահգելդյանի ջանքերը պսակվեցին հաջողությամբ: 66-րդ րոպեին խաբս տալով մրցակցի մի քանի պաշտպանների, Շահգելդյանը դիպուկ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Խաղավերջում երկու թիմերն էլ ձեռքից բաց թողեցին հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորությունները: Նախՙ Արտաշես Ադամյանի հարվածից հետո դեպի դարպասն ընթացող գնդակի ճանապարհը փակեց Ռոբերտ Արզումանյանը, ապաՙ պատասխան գրոհից հետո Լեւոն Փաչաջյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասի հորիզոնական ձողից: Երկու անգամ վտանգավոր հարված կատարեց Արմեն Շահգելդյանը, սակայն հիանալի խաղաց դարպասապահ Կասպարովըՙ հետ մղելով գնդակը:

Այսպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի, ինչը հնարավորություն չտվեց «Փյունիկին» արդեն այս տուրում պաշտոնապես գրանցել չեմպիոնությունը: Ճիշտ է, փյունիկցիները գործնականում նվաճել են երկրի չեմպիոնի տիտղոսը, եւ ամենայն հավանականությամբ արդեն հաջորդ տուրում կարելի կլինի նրանց շնորհավորել հերթական հաջողության համար:

Առաջնությունում շարունակվում է պայքարը արծաթե եւ բրոնզե մեդալների համար: Մրցանակային տեղերի համար պայքարում հերթական կարեւոր հաղթանակը տոնեց «Բանանցը»: «Հրազդան» մարզադաշտում «Բանանցը» հյուրընկալվել էր «Կիլիկիային»: Վերջինս, որ սովորաբար աչքի է ընկնում ագրեսիվ խաղով, այս անգամ մի տեսակ կաշկանդված էր գործում: «Բանանցը» զգալի առավելություն ուներ եւ մեկ անգամ չէ, որ կարող էր գրավել մրցակցի դարպասը: Սակայն, ինչպես շատ հանդիպումներում, այս անգամ էլ «Բանանցը» չկարողացավ օգտագործել գոլային մի շարք պահեր: Երկու անգամՙ Ջենեբյանի եւ Թադեւոսյանի հարվածներից հետո գնդակը դիպավ ձողին: Գոլային մի քանի լավ հնարավորություն չօգտագործեց «Բանանցի» ռմբարկու Արամ Հակոբյանը: Նրա խաղընկերներից Թադեւոսյանը, Արա Խաչատրյանն ու Տիգրան Ղարաբաղցյանն էլ հարմար դիրքերից վրիպեցին: Ի վերջո, «Բանանցին» հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: 68-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Մայիս Ազիզյանը չկարողացավ իր մոտ պահել գնդակը, եւ վրա հասած Արարատ Առաքելյանը գրավեց դարպասը: Այդ միակ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը:

«Կիլիկիան» իր հերթին մի քանի անգամ լրջորեն սպառնաց «Բանանցի» դարպասին: Մասնավորապես Վահան Բաբայանը կարող էր գրավել դարպասը, երբ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, սակայն փոխանակ հարվածելու փոխանցում կատարեց: Մեկ անգամ եւս նրան վիճակվեց դուրս գալ հարվածային դիրք, սակայն այս անգամ նրա հարվածը հետ մղեց դարպասապահը:

«Էսթեղլալ-Կոտայքն» էլ Աբովյանում մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել «Դինամո-Զենիթին»: Խաղը հարուստ չէր գոլային պահերով եւ աչքի չընկավ դիտարժանությամբ: Փոխարենը խաղավերջում կրքերը բորբոքվեցին, երբ մրցավար Արման Ղուշչյանը 11 մ հարված նշանակեց «Դինամո-Զենիթի» դարպասինՙ միաժամանակ դաշտից հեռացնելով թիմի պաշտպան Գեւորգ Միրիջանյանին: «Էսթեղլալ-Կոտայքի» ավագ Կարեն Բարսեղյանը հստակ իրացրեց հարվածը եւ կարեւոր հաղթանակ պարգեւեց կոտայքցիներին:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ17106130-1136
2. Բանանց1776424-2127
3. Միկա1768321-1526
4. Էսթ.-Կոտայք1767419-1725
5. Կիլիկիա1735916-2514
6. Դին.-Զենիթ17221310-318

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»15
Արտյոմ Ադամյան«Միկա»11
Սամվել Պետրոսյան«Է.-Կոտայք»9
Արամ Հակոբյան«Բանանց»9
Տիգրան Դավթյան«Փյունիկ»9
Աղվան Մկրտչյան«Փյունիկ»8

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4