«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2005-10-14 | #186, 2005-10-15 | #187, 2005-10-18


ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ 4 ԼԻՏՐ ԲԵՆԶԻՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ, ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այդ «խեղճուկրակների» անձնական կարիքներն ավելին են պահանջում

2006 թ. պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների համար օրական նախատեսվում է հատկացնել 10 լիտր բենզին մինչ այժմ հատկացվող 4 լիտրի փոխարեն: Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարության կողմից պետական բյուջեի նախագծով սահմանված այս փոփոխությունն ակնհայտորեն պետական պաշտոնյաների զորեղ թելադրանքով է կատարված: Վերոնշյալ «խեղճուկրակներն» այնքան դժվար վիճակում են, որ 4 լիտր բենզինի պատճառով «կախվածության մեջ են» ընկնում, քանի որ դա նրանց «չի բավարարում»: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանիՙ այս որոշման նման մեկնաբանությունը զարմացնում է պետական պաշտոնյաների ցինիզմից վաղուց արդեն չզարմացողներին անգամ:

Անտեղյակները գուցե այդքան էլ չպատկերացնեն, թե օրական 4 լիտր բենզինով որքան ճանապարհ կարելի է գնալ: Պարզաբանենքՙ օրական մոտ 40 կմ: Շա՞տ է դա, թե՞ քիչ: Դրա քիչ լինելուն դեռեւս հավատացողներին հայտնենք, որ ծառայողական մեքենաները մեր նախարարներին եւ փոխնախարարներին անհրաժեշտ են աշխատանքի գնալու, այնտեղից տուն վերադառնալու, կառավարություն կամ Ազգային ժողով գնալու համար: Եթե նկատի ունենանք, որ նախարարությունները, կառավարության եւ խորհրդարանի շենքերը գտնվում են մայրաքաղաքի կենտրոնում, ապա անհասկանալի է դառնում, թե մինչ այժմ հատկացվող օրական 4 լիտր բենզինը նրանք ինչպես էին կարողանում սպառել: Այսինքն, օրական քանի անգամ էին նրանց մեքենաները պտտվում վերոհիշյալ շենքերի շուրջը, որպեսզի 40 կմ-ը լրանար: Չխոսենք այն մասին, որ, օրինակ, թ. 3 կառավարական շենքը կառավարության շենքից մի քանի տասնյակ մետրի վրա է գտնվում, իսկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունըՙ հենց կառավարության շենքում: Գուցե այս նախարարության նախարարն ու փոխնախարարները նույն շենքի միջանցքներո՞վ են մեքենաներով երթեւեկում:

Ժամանակին, երբ կառուցվում էր թ. 3 կառավարական շենքը, հանրապետության նախագահը կարծիք հայտնեց, որ այդ շենքին կառավարության շենքի մոտիկ գտնվելը կնպաստի, որ նախարարները ոտքով գնան կառավարություն: Հետաքրքրական է, երբ Ռոբերտ Քոչարյանը ստորագրի պետական բյուջեի օրենքը, ներառյալ ծառայողական մեքենաների բենզինի ավելացմամբ դրույթը, կհիշի՞ իր անհիմն լավատեսությունը:

Այդուհանդերձ, պաշտոնյաներն օրական 4 լիտր բենզինն ինչ-որ կերպ սպառում են, եւ եթե նրանք իսկապես մինչեւ բենզինի սպառվելն անընդհատ չեն պտտվում իրենց նախարարության եւ կառավարության շենքերի միջեւ, ապա հարց է առաջանում, թե ինչ են անում իրենց հատկացված վառելիքը: Պատասխանը հավանաբար շարքային քաղաքացիներն ավելի լավ գիտեն: Նախարարներն ու փոխնախարարներն աշխատանքից հետո եւ շատ հաճախ աշխատանքի ժամին ծառայողական մեքենաներով մեկնում են իրենց աշխատանքային «գերհոգնածությունը» թոթափելու խաղատներում, ռեստորաններում, գիշերային ակումբներում եւ զվարճանքի այլ վայրերում: Սրան էլ հավելենք, որ նույն ծառայողական մեքենաներով նրանց կանայք մեկնում են գնումներ կատարելու, իսկ երեխաներըՙ դպրոց: Բնական է, որ պետական բյուջեով նախատեսված 4 լիտր բենզինն այս ամենի համար արդեն անբավարար կլինի: Հարկ է նաեւ նկատի ունենալ, որ շատ հաճախ հատկապես նախարարներն ու գերատեսչությունների առաջին դեմքերը երթեւեկում են առավել վառելիքատար «մերսեդեսներով», ջիպերով եւ այլ թանկարժեք մեքենաներով:

Թերեւս մեր պաշտոնյաների մեքենաների համար հատկացվող բենզինի ավելացումը պայմանավորված է հենց վերոնշյալ հանգամանքներով: Այլապես նրանք իսկապես ստիպված են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ասած «ինչ-որ տարբերակներ» գտնել, որպեսզի կարողանան բավարարել նախարարների եւ նրանց հարազատների անձնական տրանսպորտային կարիքները: Դրա համար էլ, ինչպես նշում է Վարդան Խաչատրյանը, որոշվեց, որ բենզինով ապահովելու տարբերակը պետությունը գտնի: Եվ ոմանց անձնական կարիքների բավարարումը պետբյուջեի, այսինքն բոլորիս համար արժենում է 459 մլն դրամ կամ ավելի քան 1 մլն դոլար:

Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետը հայտնեց, որ երրորդ կարգի 9 վթարային շենքերի ամրացման համար տրամադրվել է 658 մլն դրամ, իսկ այնպիսի շենքերը, որտեղ մարդիկ ապրում են ամեն օր շենքի փլվելուն սպասելովՙ 70-ն են: Սակայն պետությունը գտնում է, որ նախարարների կազինո, նրանց կանանցՙ խանութներ եւ երեխաներինՙ դպրոց պետական միջոցներով գնալը նախընտրելի է, քան եւս, ենթադրենք, 8 վթարային շենքեր ամրացնելն ու մարդկանց ամենօրյա վտանգից փրկելը: Իսկապես որ մեկնաբանություններն ավելորդ են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4