Մեծահոգի ենք. թուրքական բիզնեսը խրախուսում ենք սեփական առողջության հաշվին
Այն, որ հայերս առատաձեռն ենք, սիրում ենք հարեւաններին լավություն անել, որ «վերջին շապիկն» էլ կտանք դիմացինին, ասում ենք ոչ միայն մենք: Սրա մասին խոսում են մեզ ճանաչող տարբեր ազգեր: Սակայն նոր ենք իմանում, որ սեփական առողջության գնով պատրաստ ենք հարստացնել հարեւան եւ այն էլ անբարյացակամ պետությանը: Խոսակցություններ են պտտվում, թե թուրքական «Թադիմ» արեւածաղիկը վնասակար է առողջությանը: Մասնավորապես երեկ խմբագրությունն ահազանգ ստացավ, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում թուրքական «Թադիմ» արեւածաղկից ստամոքսային պրոբլեմներով հիվանդներ կան: Ահազանգողը նշեց, որ բարեկամուհուն բուժող բուժքույրերն ասել են, որ չնայած չեն կարող հստակ ասելՙ հիվանդի թունավորումը ջրի՞ց է, թե՞ թուրքական արեւածաղկից, բայց հիվանդանոցում շատ են թունավորված երեխաները, որոնց ընդհանուր հատկանիշը «Թադիմ» արեւածաղիկ օգտագործելն է:
Երեւանի հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտյոմ Վանյանը «Ազգի» հետ զրույցում հավաստիացրեց, որ անձամբ խոսել է հիվանդանոցի տնօրենի հետ եւ վերջինս հերքել է, որ իրենց մոտ «Թադիմ»-ից թունավորվածներ կան: Չնայած թուրքական արտադրությանը սեփական երկրում խրախուսող հայրենակիցների հանդեպ բացասական վերաբերմունքին, ուրախ կլինեինք, որ հիվանդանոցի տնօրենի հերքումը պայմանավորված չլիներ ապրանքանիշը ներկրող ընկերության ֆինանսական շահին չվնասելու ցանկությամբ: Պարզապես ավելացնենք, որ ահազանգողը նշեց, թե իրենց հիվանդը երկու շաբաթ առաջ մահամերձ վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ երկու օր առաջ, հիվանդանոցից դուրս գրվելով, խորհուրդ ստացել հանգստանալ համեմատաբար մաքուր օդում: Հիվանդն արդեն Դիլիջանում է, ինչի պատճառով չկարողացանք զրուցել նրա հետ: Բուժման ընթացքում երկու անգամ ստուգել են հիվանդի բնակարանի խմելու ջուրը, սակայն ոչ հերքել, ոչ էլ հաստատել են ջրի աղտոտվածության փաստը:
«Ազգի» հետ զրույցում թուրքական «Թադիմ» արեւածաղիկ, «Ֆրիտո լեյ» չիպս եւ «Դիմես» մրգահյութ ներմուծող ընկերության տնօրեն Մանյա Հայրապետյանը հավաստիացրեց, որ իրենց ներկրած բոլոր ապրանքները համապատասխանում են անվտանգության բոլոր չափանիշներին: Նա նշեց, որ ամսական մոտ 16 տոննա «Թադիմ» է սպառվում տեղական շուկայում: Սպառվող այլ արեւածաղիկների համեմատ գնային մեծ տարբերություն չունեցող «Թադիմը», չգիտես ինչու, մեծ պահանջարկ ունի: Գուցե պատճառը թուրքական ծագո՞ւմն է: Շատ կուզենայինք հավատալ, որ սպառողները արեւածաղկի ծագման մասին ոչինչ չգիտեն, հակառակ դեպքում խնդիրն առավել քան լուրջ է: Թուրքական հագուստ, կենցաղային իրեր օգտագործող ամեն մի հայ, ցավոք սրտի, իր վարմունքը պատճառաբանում է գնի մատչելիությամբ, սակայն մոռանում, որ այն ի վերջո թուրքացված մշակույթ ունենալու հիմնական նախապայմաններից է:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Խմբագրություն գնալու ճանապարհին, երբ մտածում էի նյութիս մասին, հանկարծ կենտրոնացա եւ հասկացա, որ նստածս երթուղային տաքսու բոլոր ուղեւորները թուրքական երաժշտություն են լսում: Գուցե բոլորն անխտիր ինձ նմանՙ իրենց այդ օրվա գրելիք նյութի մասի՞ն էին մտածում: Հակառակ դեպքում ամեն ինչ առավել քան լուրջ է: