Դենիել Ֆրիդ. ԱՄՆ-ը կշարունակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Մ. Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հանձնարարությամբ անդրկովկասյան երեք հանրապետություններ է ժամանել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նրա օգնական Դենիել Ֆրիդը ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ եւ Եվրասիայի հարցերի հատուկ համակարգող Սթիվեն Մանի ուղեկցությամբ: Երեկ Երեւանում, ըստ «Մեդիամաքսի», Ֆրիդը նշել է, որ այցի ժամկետը պայմանավորված է հիմնականում այն բանով, որ «բարեփոխիչ եւ ժողովրդավարական ուժերը այս տարածաշրջանում դառնում են ավելի ուժեղ, բայց, ցավոք, որոշ երկրներում ակտիվանում են նաեւ ռեակցիոն ուժերը»:
Պետքարտուղարի օգնականը եւ Մանը երեկ կարճատեւ այցի ընթացքում հանդիպել են Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումների ընթացքում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը, Հայաստանում իրականացվող ամերիկյան կառավարության աջակցության ծրագրերին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Նախագահ Քոչարյանի հետ զրույցի ավարտին Ֆրիդը հայտարարել է, որ «մենք Վաշինգտոնում եկել ենք եզրակացության, որ պատմությունն այս աշխարհամասում սկսել է արագանալ»: «Հայաստանը ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները խորացնելու առումով շատ լավ դիրքում է», ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը: Նրա խոսքերով, Մ. Նահանգները «ցանկանում է տեսնել Հայաստանը հաջողակ, բարգավաճող, կայուն եւ ժողովրդավարական երկիր, որը ապրում է անվտանգ` ինքն իր եւ հարեւանների հետ»:
Ֆրիդը նշել է, որ Հայաստանի իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է սահմանադրական փոփոխությունների հարցերը: Պատասխանելով սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի հանդեպ Վաշինգտոնի դիրքորոշման մասին հարցին, Ֆրիդն ասել է. «Հենց սա ենք մենք անվանում ժողովրդավարություն, երբ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է հայտնել իր դիրքորոշումը»: Ռայսի օգնականը Երեւանում հասկացել է, որ «Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ կա մեծ անվստահություն, որը պայմանավորված է նախկինում եղած խնդիրներով»: Պետքարտուղարի օգնականը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանում նոյեմբերի 27-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ներկայացված նախագիծը. «Դրսի մարդիկ չպետք է ասեն հայերին, թե ինչպես նրանք քվեարկեն»:
Իր հերթին Մանը երեկ ասել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է ճիշտ ուղղությամբ» եւ «չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ինչպես նաեւ երկու երկրների արտգործնախարարները հստակ նշել էին իրենց բանակցային դիրքերը, նրանց հաջողվեց նեղացնել առկա հակասությունների շրջանակը»: Ֆրիդն ավելացրել է, որ «չկա ավելի վտանգավոր բան, քան բանակցային գործընթացի ավարտի հնարավոր ժամկետը կանխատեսելը»:
Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին «Մեդիամաքսի» հարցին` Ֆրիդը կարծիք է հայտնել, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ թուրք-հայկական սահմանի ապաշրջափակման խնդիրները չեն լուծվել, կարելի է խոսել վերջին տարիներին ձեռք բերված որոշակի հաջողության մասին: «Մենք կարող ենք խոսել որոշակի հաջողության մասին: Ի վերջո, այսօր ուղիղ չվերթ է գործում Թուրքիայից Հայաստան, երկու երկրների միջեւ գոյություն ունի առեւտուր: Անցյալի բարդ խնդիրները քննարկվում են այնպիսի ձեւաչափով, որը նույնիսկ հնարավոր էլ չէր պատկերացնել 10 տարի առաջ` գիտաժողովներում: Միեւնույն ժամանակ շատ ավելին դեռ պետք է արվի: Թուրքիայում կան մի շարք առաջատար քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ կլինեն ավելի մեծ քայլեր անելու»:
Ֆրիդը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մասամբ կապել է նաեւ ԼՂ խնդրում առաջընթացի հետ, դիրքորոշում, որը տարիներ հետապնդում է պաշտոնական Անկարան: «Մասամբ դա կախված կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքից, մասամբ էլ նրանից, թե ինչպես կփոխվեն ժամանակները: Ես կապի մեջ եմ ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ, եւ դրանցից մի քանիսը շատ կառուցողական եւ ստեղծագործ դեր ունեցան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Ես, մասնավորապես, նկատի ունեմ այն գործընթացը, որը տեղի ունեցավ «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» շրջանակներում», ասել է նա:
Ֆրիդը ամերիկյան վարչակազմի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելում է Հայաստան 2004 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջորջ Բուշի վերընտրվելուց հետո: Այս տարվա մայիսին Վրաստան էր այցելել ինքը` Բուշը, ինչն ակնհայտորեն նյարդայնացրել էր Բաքվին եւ Երեւանին: