Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամների եւ հանրահայտ մարդկանց հետ ավանդաբար անցկացվող հանդիպումները բավականին հրատապ թեմաներ են քննարկում: Երեկվա թեման էր` «Բարոյականության չափանիշները եւ սահմանները հայ իրականության մեջ»: Եսայի քհն. Արթենյանը, հոգեբան Հրանտ Ավանեսյանն ու ռեժիսոր Հրանտ Վարդանյանը փորձում էին բարոյականության սահմանները գծել եւ նրա պարզ սահմանումը տալ: Հյուրերն ասում էին, որ այն անբարոյականությունը, պոռնկությունն ու այլասերվածությունը, որ մեծ փողերի գնով այսօր մատուցվում են երիտասարդներին հեռուստաեթերից տարբեր շոուների ու նույնիսկ տեսահոլովակների միջոցով, մի նպատակ ունենՙ կտրել նոր սերնդին բարոյական արժեքային համակարգից, որ ձեւավորվել է դարեր շարունակ մեր պապերի կողմից: Նպատակը մեկն է` կտրել նոր սերնդին իր արմատներից եւ նյութապաշտ սարքելով կառավարելի դարձնել նրան: «Համասեռամոլությունը եւ այլ արատներ միշտ էլ գոյություն են ունեցել, սակայն մարդկությունը միշտ պատժվել է իր մեղքերի համար եւ վերադարձել ուղիղ ճանապարհ: Բլեֆ է, թե պետք է այդ ամենին հանդուրժողությամբ մոտենալ: Առավել մեծ բլեֆ է այդ մոտեցումը քարոզելը: Ընդհակառակը, պետք է հակահարված տալ քննադատելով եւ մերժելով դրանք», ասում էր ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: «Թող ամեն ոք անկեղծ լինելու վճռականություն ունենա եւ հարցնի ինքն իրեն. «Ի՞նչ եմ անում, ո՞նց եմ ապրում», խորհուրդ տվեց հոգեբան Հ. Ավանեսյանը, իսկ Եսայի քհն. Արթենյանն էլ նշեց. «Այս վիճակից փրկության ուղին տալիս է քրիստոնեական գաղափարախոսությունը, որն առաջին հայացքից է միայն կրոնաբարոյական ծանր ուսմունք թվում, իրականում պարզ է` ապրիր ազնվությամբ եւ եկեղեցում վառվող մոմի հանգույն: Պետք է սպառվել` քրիստոնեական սիրո լույսով ու ջերմությամբ լցնելով աշխարհը», ասաց քահանա հայրը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ