«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2005-10-15 | #187, 2005-10-18 | #188, 2005-10-19


ԳՐԵԲՅՈՆԿԻՆԱ-ԱԶՐՈՅԱՆ ԶՈՒՅԳՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑ

Վիեննայում կայացած գեղասահքի միջազգային մրցաշարում գերազանց հանդես եկավ Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան պարային զույգը, որը Թուրինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Բաղձալի ուղեգրին արժանանալու համար անհրաժեշտ էր մրցաշարում տեղ զբաղեցնել լավագույն վեցնյակում: Եվ մեր գեղասահորդները գերազանց կատարեցին առաջադրանքըՙ ընդհանուր հաշվարկով գրավելով 5-րդ տեղը:

Մրցաշարի մեկնարկը Հայաստանը ներկայացնող պարային զույգի համար այնքան էլ հաջող չէր: Պարտադիր ծրագրի կատարումից հետո Գրեբյոնկինան ու Ազրոյանն ընթանում էին 11-րդ տեղում: Երկրորդ մրցաձեւը վճռորոշ եղավ օլիմպիական ուղեգրերի համար մղվող պայքարում: Ցուցադրելով բավական լավ տեխնիկա, մեր գեղասահորդներն ընդհանուր հաշվարկով տեղափոխվեցին 6-րդ տեղը: Իսկ կամավոր ծրագրում նրանք պարզապես հիանալի ելույթ ունեցանՙ գրավելով 3-րդ տեղը: Դա հնարավորություն ընձեռեց Անաստասիային ու Վազգենին ընդհանուր հաշվարկով զբաղեցնելու 5-րդ տեղը եւ նվաճելու Թուրինի ձմեռային օլիմպիական խաղերի բաղձալի ուղեգրերից մեկը, ինչի առթիվ շնորհավորում ենք նրանց ու մարզչին:

Այսպիսով, Հայաստանի մարզիկներն արդեն օլիմպիական չորս ուղեգիր են նվաճել: Թուրինում հանդես գալու իրավունք են ստացել դահուկորդներ Էդմոն Խաչատրյանն ու Հովհաննես Սարգսյանը: Մեկ տեղ էլ Հայաստանին հատկացված է լեռնադահուկային սպորտում: Նշենք, որ ԱՄՆ-ում բնակվող բոբսլեյի հայազգի 2 մարզիկներ եւս օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4