ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Պավեսին մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում քաղաքական իրավիճակի վատթարացման եւ ընտրարշավի վրա դրա հնարավոր ազդեցության կապակցությամբ: Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ մենք կառավարությանը կոչ ենք անում անհապաղ հիմնավորել անվտանգության ուժերի գործողությունների անհրաժեշտությունը, որպեսզի կանխվի առանց այդ էլ լարված քաղաքական մթնոլորտի հետագա վատթարացումը»:
Պավեսիի խոսքերով, մտահոգիչ են «բռնարարքների թվի աճը, ցուցարարների դեմ չափազանց մեծ եւ չհիմնավորված ուժի գործադրումը, ինչպես նաեւ կալանքներն ու ձերբակալությունները»: Իրադարձությունների այդօրինակ զարգացումը չի համապատասխանում միջազգային ընտրական չափանիշներին եւ հակասում է ընտրակարգի կատարելագործման վերաբերյալ մայիսի 11-ին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի արած կարգադրությանը, նշում է Ինտերֆաքս գործակալությունը:
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին նախագահ եւ պատգամավորության թեկնածու Ռասուլ Գուլիեւի Բաքու վերադառնալու փորձի կապակցությամբ հոկտեմբերի 16-ին եւ 17-ին Ադրբեջանում կալանավորվեցին մոտ 200 ընդդիմադիրներ եւ ձերբակալվեցին 86 գործիչներ: