«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԾՐԱԳՐԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԵՆ ՄԵՐ ԱՅԼ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Քոչարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրոհանձնաժողովի նախագահի հետ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Բրյուսել

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում պաշտոնական Երեւանը վերցնում է այնքան պարտավորություններ, որոնք կարող է որակով իրականացնել: Այս մասին երեկ Բրյուսելում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փորձում ենք այն ծավալի եւ այնպիսի ծրագրեր իրականացնել զգայուն տարածաշրջանում, որտեղ մենք ենք գտնվում, որ այդ քայլերը չդիտվեն սպառնալիք մեր այլ դաշնակիցների անվտանգությանը: Դա հնարավորություն է տալիս Հարավային Կովկասում վարել փոխլրացման քաղաքականություն: ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները մրցակցային դաշտում չեն եւ ավելորդ հարցեր չեն առաջացնում», ընդգծեց Հայաստանի նախագահը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին նկատեց, որ Երեւան-Բրյուսել հարաբերությունները «զարգանում են շատ լավ», իսկ Հայաստանի Անհատական գործընկերության ծրագրի (Individual Partnership Action Plan) Ներկայացման փաստաթուղթը (Presentation document) համարեց «շատ դրական»: Յաափ դե Հոոփ Սխեֆերը հատուկ նշեց, որ Հայաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ, իր հերթին Հյուսիսատլանտյան դաշինքը լավ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, հետեւաբար` այդ հարաբերությունները մրցակցային դաշտում չեն:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցություններին, քանի որ հենց այդ կազմակերպությունն է առանցքային դեր խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում: Իր հերթին Սխեֆերը գոհունակություն հայտնեց Կոսովոյի խաղաղապահ գործողությանը հայ զինծառայողների մասնակցության առիթով: Սխեֆերը նաեւ նկատեց, որ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն քայլ առ քայլ են կառուցում իրենց հարաբերությունները` չստեղծելով ընդարձակ տեսություններ եւ նախապատվությունը տալով գործնական քայլերին:

Հայաստանի նախագահի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպման ընթացքում, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեցին Քոչարյանը եւ Սխեֆերը, քննարկվել են Անհատական գործընկերության ծրագիրը, ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների խնդիրը: «ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում ղարաբաղյան բանակցային գործընթացում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին», ասաց Սխեֆերը:

Բելգիա եւ եվրոպական կառույցներ աշխատանքային այցի երկրորդ օրը Հայաստանի նախագահը հանդիպումներ ունեցավ նաեւ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզույի, Եվրոհանձնաժողովում էներգետիկայի հարցերով հանձնակատարի եւ Բելգիայի խորհրդարանի նախագահի հետ: Երեկ նախագահ Քոչարյանը եւ Բելգիայի Սենատի նախագահ Ան-Մարի Լիզինը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Բելգիայի խորհրդարանը 1998 թ.բանաձեւի տեսքով ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Ռոբերտ Քոչարյանն այցելեց նաեւ «Պատրաստված է Բելգիայում» ցուցահանդես, ինչպես նաեւ հանդիպեց Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Քոչարյանը եւ Բառոզուն քննարկել են «հայ-թուրքական հարաբերությունների բացակայության» խնդիրը

Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն Հայաստանի նախագահի հետ հանդիպման ավարտին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների, ավելի ճիշտ` դրանց բացակայության խնդիրը, ինչպես նաեւ Հայաստանում սպասվող սահմանադրական բարեփոխումները, ղարաբաղյան կարգավորման հեռանկարը:

Բառոզուն ասաց, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունների օրակարգում կա կետ, ըստ որի Անկարան պետք է բոլոր հարեւանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ: «Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու որոշումը կարեւոր է ոչ միայն Թուրքիայի, այլեւ Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար», նշեց Եվրոհանձնաժողովի նախագահը:

Բառոզուն ասաց, որ Եվրոմիության հարեւանության քաղաքականության նախաձեռնության շրջանակներում Երեւանի հետ Գործողությունների ծրագրի (Action Plan) բանակցությունները կսկսվեն առաջիկայում` հոկտեմբերի վերջերին: Ինչպես հայտնի է, դրանք երկու անգան հետաձգվել են Ադրբեջանի պատճառով, քանի որ վերջինս խնդիրներ ունեցավ ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետության հետ, երբ սկսեց ուղիղ չվերթեր փոխանակել Հյուսիսային Կիպրոսի հետ:

Համատեղ մամուլի ասուլիսում Բառոզուն եւ Քոչարյանը կարեւորեցին Հայաստանի սահմանադրական փոփոխությունների ընդունումը եւ ընդգծեցին, որ հանրաքվեի «այոն» կարեւոր է ինչպես Հայաստանի ապագայի, այնպես էլ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4