Կանդահայերի կոնգրեսից Վազգեն Բոյաջյանի ուղարկած հաղորդագրությունից տեղեկացանք, որ Կանադայի Քվեբեկ նահանգի կառավարության անդամները հավանություն են տվել Քվեբեկ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձան տեղադրելու կոնգրեսի առաջարկին: Հուշարձանի կենտրոնում կտեղադրվի 12-րդ դարի բարձրարժեք հայկական խաչքար, որը 1980 թվականին ցուցադրվելուց հետո վստահվել էր Մոնրեալի Հայկական բարեգործական ընդհանուր միության Ալեք Մանուկյան դպրոցին: Կոնգրեսը որոշել է խաչքարը նվիրել Քվեբեկինՙ ի նշան հայ ժողովրդի երախտագիտության 2003 թվականին Հայոց ցեղասպանությունը Քվեբեկի խորհրդարանում ճանաչելու համար:
Կանադահայ մեկ այլ կազմակերպություն ցանկություն է հայտնել Քվեբեկ քաղաքին նվիրել Կոմիտասի կիսանդրինՙ որպես հայերի եւ քվեբեկցիների բարեկամության խորհրդանիշ: Կառավարության անդամների եւ քաղաքական գործիչների հետ վերջին հանդիպման ժամանակ կանադահայերի կոնգրեսը համաձայնել է Կոմիտասի կիսանդրին ու հայկական խաչքարը նույն տեղում տեղադրելու կանադական կողմի առաջարկին: Հայկական երկու կազմակերպությունները որոշել են իրենց համար չափազանց կարեւոր այդ նախագծի վրա միասին աշխատել եւ դրան մասնակից դարձնել նաեւ Քվեբեկում ապրող բոլոր հայերին: Հուշարձանի բացումը նախատեսվում է 2007 թվականի ապրիլին:
Ռ. Պ.