«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՆԱՁԵՎ

ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից ստացված հաղորդագրությամբ, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանը վերջին լիագումար նիստում ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ, որի նախագիծը, պատգամավոր Ժուսելինո Գադելիայի հեղինակությամբ, քննարկման էր ներկայացվել ապրիլի 14-ին: Բանաձեւում նշվել է, որ 1915 թ. թուրքական կառավարության իրագործած ցեղասպանությանը զոհ է գնացել 1,5 միլիոն մարդ, իսկ հայության մնացած մասը վտարվել է իր պատմական հայրենիքից, հաշվի առնելով նաեւ, որ ոճրագործությունն արձանագրվել է ու վկայվել մի շարք ականավոր քաղաքական եւ հասարակական գործիչների հուշերում ու ուսումնասիրություններում:

Ընդգծելով նաեւ, որ մարդկության դեմ հանցագործության այդպիսի փաստերը հակասում են միջազգային համակեցության ոգուն եւ արժանի են խստագույն դատապարտման, խորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին եւ դիմել Բրազիլիայի նախագահինՙ Ազգային կոնգրեսի հետ համատեղ քայլեր ձեռնարկելուՙ Հայոց ցեղասպանությունը դաշնային մակարդակով ճանաչելու համար:

Բանաձեւն ընդունվել է միաձայն եւ խորհրդարանի 51 պատգամավորներից 43-ն իրենց ստորագրությունն են դրել փաստաթղթի տակ իբրեւ համահեղինակներ: Երեկ քաղաքային խորհրդարանի նախագահ Ռոբերտո Տրիպոլին բանաձեւի վավերականացված պատճենը հանձնել է Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4