«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Սեպտեմբերի 24-25-ը Ստամբուլի «Բիլգի» համալսարանում «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարության խնդիրներ» թեմայով հրավիրված աղմկահարույց գիտաժողովից հետո, որի հրավիրմանն անձամբ նպաստել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այլընտրանքային գիտաժողովի նախաձեռնությամբ հանդես էր եկել Ստամբուլի համալսարանը:

«Միլլիեթը» դեռեւս սեպտեմբերի 27-ի համարում տեղեկացրել էր այդ նախաձեռնության մասին, նշելով, որ Ստամբուլի համալսարանի այլընտրանքային գիտաժողովին հրավիրվելու են թուրք եւ օտարերկրացի բազմաթիվ գիտնականներ, որոնց թվում նաեւ թուրքերի բարեկամ ամերիկացի Ջաստին Մկքարտին: Նախատեսվում է գիտաժողովն անցկացնել 2006 թ. մարտին:

Ըստ երեւույթին Անկարայի «Ղազի» համալսարանը նախանձախնդրությամբ է վերաբերվել այս նախաձեռնությանը, որ, առաջ անցնելով Ստամբուլի համալսարանից, հայտարարել է առաջիկա նոյեմբերի 23-25-ը թուրք եւ օտարերկրյա գիտնականների մասնակցությամբ այլընտրանքային «հայկական» գիտաժողով հրավիրելու իր պատրաստակամության մասին: Ինչպես հոկտեմբերի 19-ի համարում նշում է «Աքշամ» թերթը, գիտաժողովին կհրավիրվեն այսպես կոչված անկողմնակալ գիտնականներ, ինչպիսիք են գերմանական նացիզմի իրականացրած ցեղասպանությունն ուսումնասիրող Գյունթեր Լեւին եւ Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4