Ասում է Վազգեն Մանուկյանը սահմանադրության նախագծի մասին
Ի՞նչ հետեւանքներ են սպասում հանրաքվեի «այո»-ի, «ոչ»-ի եւ կեղծման դեպքում Հայաստանին. բոլոր երեք դեպքերում հնարավոր զարգացումները նկարագրեց երեկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ՄԱԱ սրահում, լրագրողների հետ հանդիպմանը:
Հօգուտ «այո»-ի հանրաքվեի կեղծումը, Վ. Մանուկյանի բառերով «կատաստրոֆա» կլինի երկրի համար, որովհետեւ կկորչի ժողովրդի մեջ մնացած հավատի վերջին փշուրը եւ առիթ կտա նրան մտածելու, որ այս երկիրը ոչ մի ձեւով իր երկիրը չէ, ինչ ուզում անում են: Եթե իշխանություններն իրոք մտադիր չեն կեղծիք անելու, թող որպես չկեղծելու երաշխիք վերանայեն հանրաքվեի օրենքը` հնարավորություն տալով հանձնաժողովներում ընդգրկել «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցների հավասար ներկայացուցիչներ. այս համոզմունքն ունի ԱԺՄ նախագահը: Իսկ կեղծման դեպքում, ըստ նրա, ժողովուրդն իր իրավունքները պահպանելու համար իրավունք ունի գնալու ընդհուպ ապստամբության. «..որովհետեւ հերիք եղավ, բոլ եղավ էս երկիրը ծառայեցնեք մի քանի հոգու»:
Եթե ժողովուրդը գնա եւ «այո» քվեարկի իր կամքով` Վ. Մանուկյանն այստեղ ոչ մի սարսափելի բան չի տեսնում` եթե ժողովուրդն է քվեարկել, ոչ մեկը դրա դեմ խոսելու իրավունք չունի. «Մենք կապրենք էդ սահմանադրության շրջանակում, ուղղակի ափսոս կլինի էն 10 տարին, որ մենք ծախսեցինք սահմանադրություն փոխելու վրա, եւ լավ սահմանադրություն ունենալն էլ մի 10 տարով կհետաձգվի»:
Հանրաքվեի «ոչ» արդյունքը Վ. Մանուկյանը նույնացնում է նոր փոփոխությունների առաջ դռները բաց պահելու հետ. թեեւ հանրաքվեի օրենքը թույլ չի տալիս նույն հարցի մասին նույն տարվա մեջ նոր հանրաքվե անել, բայց ԱԺ-ն կարող է վերանայել օրենքը եւ մի 6-7 ամսից նոր հանրաքվե անել: Այս դեպքում իշխանությունը կտեսնի, որ իր ամեն ասածը հալած յուղի տեղ չի անցնում, կա ժողովուրդ, որի հետ պետք է հաշվի նստել: Այս դեպքում ոչ թե Հայաստանն է թուլանում, այլ իշխանությունը, քանի որ ժողովրդին խաբելու եւ կեղծելու նրա հետագա հնարավորություններն էապես նվազում են:
«Ոչ»-ի դեպքում երկրի նախագահի հրաժարականը ԱԺՄ նախագահը էթիկայի հարց է համարում, բայց պարտադրանքն այստեղ ընդունելի չէ.
«Եթե ես լինեի ու «ոչ» ստանայի` կարող էի որոշել հրաժարական տալ»:
Սահմանադրության նոր նախագծի մասին ասվեց հետեւյալը. «Կախարդական ուժ չվերագրելով սահմանադրությանը, այնուամենայնիվ, վատ սահմանադրությունը կարող է վատացնել երկրի վիճակը, հնարավորություն տալ վերեւում գտնվող անձին ունենալ ոչ ժողովրդավարական, իմպերատիվ իշխանություն: Երբեմն, որ ասում են, թե այս փոփոխությունները մեկ քայլ առաջ են` ինձ մոտ այն տպավորությունն է, թե Հայաստանի իշխանությունը ժառանգական իշխանություն է, Ռ. Քոչարյանն այն ստացել է ժառանգություն պապերից, եւ նրանից մի բան պոկելն արդեն քայլ առաջ է. իրականում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս սահմանադրությունը եթե պահպանվի` ուրեմն մոտակա 10 տարում գտնվելու ենք մի սահմանադրության շրջանակում, որը չնչին տարբերություններ ունի նախորդի համեմատ, մեր պայքարը կավարտվի ոչնչով»: Մինչ այդ էլ Վ. Մանուկյանը կանգ էր առել առաջարկվող փոփոխությունների վրա` ընդհանուր առմամբ փաթեթն անվանելով. «Սարը գոռաց եւ մուկ ծնեց»: Հիմնական` իշխանությունը ժողովրդին պատկանելու հարցը նախագիծը չի լուծում, ըստ Վ. Մանուկյանի, իշխանությունը մնում է վերեւներում, նախագահի եւ օլիգարխների «բազարն» է ավելանում, որոնք էլ կգրավեն ԱԺ-ի տեղերը:
Բոյկո՞տն է ճիշտ, թե «ոչը», մանավանդ որ ընդդիմության տարբեր թեւերում այս հարցի վերաբերյալ կարծիքները բաժանվում են: «Ոչ»-ն ըստ Մանուկյանի` դժվար է վերահսկել, ինչը լիովին կարելի է իրագործել բոյկոտի դեպքում, բացի այդ էլ, բոյկոտելով դուռը բաց ես թողնում ապագա փոփոխությունների համար: Քաղաքական տեսակետից էլ բոյկոտը ինչ-որ առումով համընկնում է ժողովրդի տրամադրությունների հետ: Իսկ տեսակետին, թե այդպես ընդդիմության միասնությունը չի՞ կոտրվում` Վ. Մանուկյանը համաձայն չէր:
ԱԺՄ-ն 2000 մարդու ցուցակ է ներկայացրել ԿԸՀ, որոնք հանրաքվեի անցկացման 1865 «մութ սենյակներում» վերահսկելու են հանրաքվեի ընթացքը:
Հ. Գ.-«Ընդդիմություն մեր Հայաստանի պայմաններում նշանակում են այն քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, որոնք իշխանության մեջ չեն: Այդտեղ ավտոմատ փոխվո՞ւմ է, որ իրենք մյուսներից լավն են: Իշխանություն չունենալը չի նշանակում, որ դու ավելի լավն ես. դրա համար էդ գաղափարը, որ մի տեղ հավաքված են սատանաները, մյուս տեղում հրեշտակները` մոռացեք, այստեղ սատանաների եւ հրեշտակների պայքար չէ: Ընդդիմության մեջ կան շատ տարբեր քաղաքական ուժեր, մենք տարբեր շատ ուժերի հետ կարող ենք միավորվել նախագահական ընտրություններին, երբ համոզված ենք, որ դիմացինը կեղծելու է, բայց շատ հարցեր կան, որոնց մասին մենք մեր կարծիքը ունենք, եւ հանուն միասնության չենք զոհաբերի մեր գաղափարները. այդ սպասումը հրեշտակների միավորումը սատանաների դեմ` անիրականանալի է: Կան որոշակի հարցեր, որոնց դեպքում կարելի է համախմբվել, բայց սպասել, որ անընդհատ համախմբված ենք լինելու ու պայքարելու ենք սատանաների դեմ, դա այնքան էլ... Շատ մարդիկ, որ հիմա իշխանության մեջ են` չէիք պատկերացնի ինչ ընդդիմություն կլինեին, եթե իշխանության մեջ չլինեին», ի վերջո պատասխանեց Վ. Մանուկյանը համախմբման վերաբերյալ մի քանի անգամ հնչած հարցերին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ