Հայաստանի հասարակական կազմակերպություններն այսուհետեւ ակտիվորեն կմասնակցեն սահմանադրական փոփոխությունների մասին բնակչության իրազեկմանը: Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը, «Այբ» իրավական եւ համայնքային աջակցության կենտրոնը, «Արեգ» գիտամշակութային կենտրոնը եւ Հայաստանի երիտասարդական ազգային խորհուրդը ստեղծել են նախաձեռնող խումբ, որը երեկ կազմակերպել էր կոնֆերանսՙ քննարկելու հասարակական կազմակերպությունների հնարավոր մասնակցությունը եւ ձեւերը ապագա հանրաքվեի իրազեկման վերաբերյալ:
Նախաձեռնող խումբը կոնֆերանսը վերնագրեց որպես սահմանադրական փոփոխությունների իրազեկման քաղաքացիական նախաձեռնություններ: Հիմնական գաղափարն այն է, որ հանրաքվեի գնացող քաղաքացիներն իմանան, թե ինչին եւ ինչու են «այո» ասում:
Հետաքրքրական էր, որ նախաձեռնող խումբը կազմած 4 հասարակական կազմակերպությունները համոզվածությամբ նշեցին, որ միայն ՀԿ-ները կարող են իրականացնել իրազեկման իրական քարոզարշավ, ընդ որում աշխատելու են աշխատանքային խմբերով մայրաքաղաքում եւ մարզերում, եւ այդ աշխատանքը լինելու է ինքնուրույնՙ չհամագործակցելով որեւէ քաղաքական կուսակցության հետ: Բացվել է նաեւ քարոզարշավի հիմնադրամՙ իրազեկման ծրագիրն իրականացնելու համար:
Հիմնական մեխանիզմն ամեն դեպքում մնում է հետեւյալըՙ աշխատանքային խմբեր ողջ հանրապետությունում, որոնց գործունեության համար ՀԿ-ներին կոչ արվեց ներդնել հնարավոր միջոցները, հրավիրել կամավորներին:
Մեկ խոսքովՙ ամեն ինչ կոմերիտական ոգով:
Ա. Հ.