«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ՅՈՒՆԵՍԿՈՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

Մշակութային ժառանգության պաշտպանության նոր միջոց

Յունեսկոյի 33-րդ ընդհանուր խորհրդաժողովը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է կոնվենցիա (միջազգագիր), որը մշակույթն ազատագրում է միջազգային առեւտրի կանոններից: Փաստաթղթի օգտին մեծ եռանդով հանդես են եկել Ֆրանսիան եւ Կանադան:

RFI ռադիոկայանի տվյալներով, մշակույթների բազմազանությունը պաշտպանող փաստաթղթի տեքստը ընդունվել է գրեթե միաձայն. կողմ է քվեարկել 151 երկիր, դեմ են արտահայտվել միայն ԱՄՆ-ը եւ Իսրայելը: Ավստրալիան եւ խաղաղօվկիանոսյան Կիրիբատի կղզին ձեռնպահ են մնացել:

Փաստաթղթի համաձայն, մշակույթը սովորական ապրանք չէ: Ուստի պետությունները պետք է ունենան մշակութային ժառանգության պաշտպանության իրավական միջոցներ: Կոնվենցիան երկրներին հնարավորություն է տալիս կանոնների եւ հատկացումների մի ամբողջ զինանոց կիրառել ազգային մշակույթն արտաքին ազդեցության վտանգից զերծ պահելու համար:

ԱՄՆ-ը չի թաքցրել հիասթափությունը եւ դժգոհությունը Յունեսկոյից, որից դուրս էր եկել երկու տասնամյակ, վերադառնալով 2003 թ.: Քանզի փաստաթուղթն առաջին հերթին կարող է խոչընդոտել աշխարհում ամերիկյան մշակութային, մասնավորապես կինեմատոգրաֆիական արտադրանքի տարածմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4