«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՈՐԱԿԸ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հայ տպագրական գրի եւ գրչության ներկայիս վիճակը «Զանգակ-97» հրատարակչությունը համարում է բարձիթողի: Վերջինիս ղեկավարությունը նշում է, որ համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացը, քաղաքակրթության ազգային սահմաններ չճանաչող նվաճումները հեղաշրջում են կատարել հրատարակչական գործի բնագավառում եւ նետել նոր մարտահրավերներ: Շուրջ 5 դար փառահեղ ապրած «բարձր» տպագրությունն ու ձուլածո շարվածքն իրենց տեղը զիջել են տեխնիկապես ավելի առաջնակարգ օֆսեթ տպագրությանն ու համակարգչային շարվածքինՙ առաջ բերելով բազմաթիվ նոր խնդիրներ: Միասնական կենտրոնի բացակայության պայմաններում դրանց լուծմամբ զբաղվել են առանձին նվիրյալներ, որոնք հասարակության համարժեք գնահատականի բացակայության պայմաններում տքնել ու ստեղծել են այսօր կիրառվող հայերեն տպագրական տառատեսակները:

Հրատարակչության ղեկավարության համոզմամբ, ազգային մշակույթի դիմազրկման, դրանից բխող մշակութային քաղցի ու գլոբալիզացման արդի հորձանուտում հայ հոգեւոր իրականության համար խիստ վտանգավոր է համազգային հնչեղություն ունեցող այդ խնդիրն առանձին անհատների ուսերին թողնելը: Տպագրական տառատեսակների հիմնախնդիրն այսօր առնչվում է ոչ միայն հրատարակչական գործը դյուրացնող միջոցներին, այլեւ դառնում է հայերեն խոսքի եւ գրի կենսունակությունը պայմանավորող գործոն, իսկ դրանց մշակման խնդիրըՙ ազգապահպանության հիմնախնդրի անհրաժեշտ մաս:

«Զանգակ-97» հրատարակչության «Տաթեւ գիտակրթական համալիրի» շրջանակներում ստեղծված «Հայոց ազգային տպագրական տառատեսակների մշակման, նախագծման եւ պատրաստման գիտահետազոտական կենտրոնը» բազմիցս առաջադրել է հայկական տառատեսակների գեղարվեստատեխնիկական որակի բարձրացման ու տեսականու համալրման հիմնախնդիրները: Կառավարության հետ բանակցությունների արդյունքում կենտրոնը համագործակցություն է հաստատել տարբեր օղակների հետՙ ստեղծելու տառատեսակների մշակմամբ, նախագծմամբ ու պատրաստմամբ, ինչպես նաեւ կիրառելի չափորոշիչների մշակմամբ ու վերահսկմամբ զբաղվող հաստատություններ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ հարցերն առավել արդյունավետ են լուծվում, երբ դրանցով զբաղվում են մասնավոր ձեռնարկությունները, իսկ գործունեության արդյունքները պաշտպանվում են հեղինակային իրավունքի մասին օրենքներով:

Խնդրի լուծմանը մասնագիտական լայն շրջանակների ու հասարակության մասնակցությունը ապահովելու նպատակով «Զանգակ-97»-ը եւ կրթության ու գիտության նախարարությունը հայտարարում են հայկական տառատեսակների ստեղծագործական մրցույթ, որ տեղի կունենա հրատարակչության «Տաթեւ» սրահում, դեկտեմբերի 1-ին: Մրցույթի անվանակարգերը երեքն ենՙ տպագրական 1-4-րդ, 5-8-րդ եւ 8-րդից բարձր դասարանների համար: Բարձր գնահատականներ վաստակած տառատեսակների հեղինակները կպարգեւատրվեն կրթության եւ գիտության նախարարության դիպլոմով, իսկ հրատարակչությունը նրանց կառաջարկի կնքել հոնորարների վճարման եւ հեղինակային իրավունքների ձեռքբերման պայմանագիր: Ժյուրիի կազմում կընդգրկվեն կրթության եւ գիտության, առողջապահության նախարարությունների, նկարիչների, դիզայներների, գրողների միությունների, հրատարակչությունների եւ այլ հաստատությունների ներկայացուցիչները:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4