«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԵՐԵՎԱՆՅԱՆ 2-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ` ԴՐՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ

ԸՍՏ ԱՐԵՎԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ

Իհարկե, «Ոսկե ծիրան» փառատոնում գլխավորը մրցանակները չեն: Այս փոքրիկ փառատոնը Ա կարգի չի հավակնում եւ մտադիր չէ կինեմատոգրաֆիական նորաձեւություն սահմանել: Առայժմ նրան բավարարում է ուղղակի գոյություն ունենալը մի երկրում, որը համեմատաբար վերջերս հազիվ էր գոյատեւում` առանց էլեկտրականության, ջրմուղի, արտաքին աշխարհից կտրված:

Այսօր արդեն շատ բան է փոխվել: Թեեւ առաջին հայացքից թվում է, որ Երեւանը ավերակների մեջ է. գլխավոր փողոցներում եռանդուն շինարարություն է ընթանում, գեղատեսիլ հին թաղամասերի տեղում հսկայական փոսորակներ են, եւ շինարարության փոշու ամպերը առավոտյան մշուշում են օդը:

Այո, առայժմ Երեւանում ընդամենը երկու կինոթատրոն է գործում. ճիշտ է, երրորդն էլ կա, որտեղ էրոտիկ ֆիլմեր են ցուցադրում: Եվ մարդիկ հետ են վարժվել կինո գնալուց: Դրա փոխարեն հաճույքով կինո են նայում հեռուստացույցով ու տեսաժապավենի վրա, եւ դա թերեւս միակ պատճառն է, որ երիտասարդությունը Հայաստանում դեռ հասկանում է ռուսաց լեզուն, քանի որ ե՛ւ խորհրդային, ե՛ւ ամերիկյան ֆիլմերը դիտում են ռուսերեն: Փառատոնը, ի դեպ, լավ առիթ է մարդկանց հիշեցնելու, որ կինոյի համար պետք է կինոթատրոն գնալ եւ միասին ֆիլմ դիտել...

Բայց ահա երիտասարդ հայերի հետ արդեն դժվար է ռուսերեն խոսել, նրանք ավելի հաճույքով անգլերեն (եւ ֆրանսերեն) են սովորում: Երեւանն ավելի ու ավելի է վերածվում ինտերնացիոնալ քաղաքի: Նոր հյուրանոցներ են կառուցվել, հներն արդիականացվել են: Հինգ տարում տասնապատիկ շատ զբոսաշրջիկ է սկսել գալ, իսկ հետո, կարծում են Երեւանում, աճն ավելի ինտենսիվ կլինի:

«Ոսկե ծիրանը» առաջին անգամ կայացել է մեկ տարի առաջ, իսկ այս տարի, չնայած բազմաթիվ խնդիրներին, փառատոնն արդեն ոտքի է կանգնել: «Համաշխարհային կինոյում ներդրած ավանդի համար» պատվո մրցանակները ստանալու էին եկել Աբաս Քիառոստամին, Քշիշտոֆ Զանուսսին, Նիկիտա Միխալկովը: Փառատոնի ընթացքում իր 60-ամյակը տոնեց կինոերկրպագուների սիրելի Յոս Ստելինգը. տոնակատարությունը տեղի ունեցավ Փարաջանովի թանգարանում...

Ընդհանրապես, հեղինակային կինոյի դասականներին կարելի է հասկանալ. գրեթե հեքիաթային մի երկիր` այդքան հինավուրց պատմությամբ, դրամատիկ ներկայով եւ հեռանկարային ապագայով, հետաքրքրում է ամեն մի արվեստագետի. յուրաքանչյուրը պետք է թեկուզ մեկ անգամ լինի Հայաստանում:

Հայաստանի գլխավոր բնական պաշարը սփյուռքն է. այս կատակը սիրում են կրկնել Երեւանում: Իրոք, առանց նշանավոր հայերի` ոչ մի փառատոն հնարավոր չէր կազմակերպել...

Ի դեպ, միակ քիչ թե շատ պատշաճ կինոխցիկը «Հայֆիլմին» նվիրել է Շառլ Ազնավուրը: Ասենք, «Ոսկե ծիրանին» բարերարներն առայժմ չեն օգնում, փառատոնի բյուջեն այնքան փոքր է, 300 հազար դոլարի կարգի, որ Նիկիտա Միխալկովը դրան նույնիսկ չհավատաց:

Բայց, իհարկե, բանը միայն փողը չէ, թեեւ Հայաստանի բյուջեի համար բարեգործական հիմնադրամների գումարները եւ ծագումով հայերի ներդրումները խիստ էական են: Պակաս կարեւոր չեն մարդիկ, նրանց անձնական ներդրումն ու անձնական օրինակը: Այսօր ամենամեծարվող ռեժիսորներից մեկը` Ատոմ Էգոյանը, գլխավորում էր ժյուրին, հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանը անձամբ ներկայացրեց իր «Մարսյան դաշտի անցորդը» ֆիլմը` այդ կերպ Հայաստանում նշելով Բաստիլի գրավման օրը: Անցյալ տարի փառատոնը բացվեց Ռոման Բալայանի ֆիլմով, իսկ այս տարի հատուկ ծրագրում Ռուսաստանը ներկայացնում էր սկսնակ Աննա Մելիքյանի կինոնկարը: Առայժմ կինոն Հայաստանում հեռու է ծաղկունքից: Տարեկան երկու պրեմիերան ավելի շուտ երազանք է, քան իրականություն: «Հայֆիլմը» խոր ճգնաժամ է ապրում: Բոլորը հասկանում են, որ պետությունը փող չունի վերասարքավորման ու զարգացման համար: Թեեւ Հայաստանի նախագահը հանդիպեց պատվավոր հյուրերի հետ եւ խոստացավ պետության ուշադրությունը կինոյի հանդեպ, բայց հասկանալի է, որ իսկական հույսը կապված է միայն միջազգային շուկայի հետ: Բայց մինչեւ օրս կինոյի մասին օրենք չկա, իսկ առանց դրա` շատ դժվար է ապահովել իրավական հարաբերությունները համատեղ արտադրության ժամանակ: Ասենք, մի քանի նախագիծ արդեն կա, այդ թվում` Ռուսաստանի հետ:

3 միլիոն բնակչության պարագայում փաստորեն անհնար է հույսը դնել ներքին շուկայի վրա: Փառատոնի մի գործառույթն էլ եւ հանդիսատեսին, եւ երիտասարդ կինեմատոգրաֆիստներին ընդհանուր կինոտարածքին ընտելացնելն է, համաշխարհային կինոյի ձեռքբերումները ցուցադրելը: Փառատոն եկած նշանավոր դեմքերը մի շարք վարպետության դասեր անցկացրին ստեղծագործական բուհերի ուսանողների համար. նրանք, ի դեպ, քիչ չեն, եւ կազմում էին փառատոնային հանդիսատեսների թերեւս ամենամեծ եւ, իրոք, ամենահամակրելի մասը:

Բայց, այնուամենայնիվ, արդեն ամբողջ աշխարհում հռչակված հայկական երաժշտության համեմատ կինոն Հայաստանում դեռ իսկական մոդա չի դարձել:

Սակայն չեմ զարմանա, եթե մոտ ապագայում իրադրությունը փոխվի: Հայաստանի կյանքում եռանդ կա ու փոփոխությունների առույգացնող ծարավ, իսկ փառատոնը կարող է խթան տալ երիտասարդներին, ովքեր կհավատան, որ հին խորհրդային ֆիլմերից եւ հոլիվուդյան կինոկոթողներից բացի, գոյություն ունի բարդ, գրավիչ, բազմազան աշխարհ, որտեղ կինոյի միջոցով կարելի է խոսել ոչ միայն գեղեցիկի, այլեւ այն ամենի մասին, ինչ իսկապես կարեւոր է ու հետաքրքրական, երեւակայել, հորինել, ցնցել ու զարմացնել:

Ալյոնա Սոլնցեւա, «Vremia novostey», Մոսկվա

ԾԻՐԱՆԻ ՀԱՄԸ

«Ծիրանի» գլխավոր նվաճումը հրավիրված հյուրերի կազմն է: Փառատոնի փոքր տարածքում հայտնվում ես բացարձակ դասականների, կինոընթացքը կանխորոշող մարդկանց շրջապատում, որոնց հետ ոչ միայն ծանոթությամբ, այլեւ նրանց մոտակայքում գտնվելու հանգամանքով կարելի է հպարտանալ մնացած ամբողջ կյանքում:

Սվետլանա Խոխրյակովա, «Kultura», Մոսկվա

ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱԶԳԻ ՀԻՄՔԸ

«Ոսկե ծիրանում» ես տեսա համեստություն եւ ամոթխածություն: Հաճելի է, որ այստեղ դատարկ խոսքեր չեն ասվում: Ես նկատի ունեմ իմ նկատմամբ դրսեւորված վերաբերմունքը: Եթե մարդ աշխատում է մրցանակի համար, նրան երբեք ոչ մի մրցանակ չի բավականացնի, ինչ էլ որ տան: Անսպասելի ուրախությունը թանկ է ու հուզիչ... Իմ երկրում նման բարյացակամ հանդիսասրահներ չկան: Արվեստի գործիչը չի կարող մշտապես ընդդիմադիր լինել, շարունակ պայքարել: Իհարկե, արվեստն ու կինոն միշտ այնտեղ են, ուր խնդիրներ կան, բայց անհնար է ստեղծագործել, երբ չորս կողմը մեղադրում են ու կասկածում...

Ժամանակն առաջ է շարժվում, փոխվում են ավանդույթները: Պետք է ջանալ չկտրվել արմատներից: Մի քանի տարի հետո փառատոնն իր ավանդույթները կունենա: Գուցե արդեն ունի... Անհատականությունն է ազգի հիմքը: Եվ միայն ազգային կինոն կարող է միջազգային դառնալ:

Նիկիտա Միխալկով, «Argumenti i fakti», Մոսկվա

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆՆ» ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻՆ

«Ոսկե ծիրան» երեւանյան 2-րդ կինոփառատոնն ուժգին արձագանք գտավ միջազգային փառատոնային հանրության շրջանում, ինչն այդ իրադարձությանը վառ ապագա է խոստանում... Թեեւ կինոփառատոնը դեռ փոքր է ծավալով, արդեն որոշարկվել է որպես տարածաշրջանային հավակնորդ Կովկասում եւ կապող օղակ Ռուսաստանի ու Միջին Արեւելքի հետ...

Տեղական ֆիլմերի պակասը փառատոնի աքիլլեսյան գարշապարն է, եւ նա պետք է փորձի իր գայթակղության քարը մեծացնել:

«Մարդիկ այստեղ կինոյի կարոտ են, նշում է Ատոմ Էգոյանը: Զգացվում է վերածննդի ոգին, որը ժողովրդին թույլ է տվել հառնել մեկ տասնամյակ առաջ տիրող լիակատար ավերմունքից: Մեծ սերնդափոխություն է կատարվել, որն էական է կինոմշակույթի երեւան գալու համար»:

«Մեզ հաջողվել է ներթափանցել հանդիսասրահ, հավանություն է տալիս Արսինե Խանջյանը: Հսկայական քայլ է կատարվել»:

Դեբորա Յանգ, «Variety», ԱՄՆ

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը համոզված է. «Հայկական կինոյի առաջընթացի համար, նախ եւ առաջ, հարկավոր է կինոմթնոլորտ ստեղծել: Ասում են` փող, փող, փող... Իհարկե, փողը կարեւոր է, բայց գլխավորը կինոմթնոլորտն է: Պետք է լավ կինոդպրոց ստեղծել եւ պետական ֆինանսավորումն ուղղել կինոնախագծերի իրականացմանը»: Բայց փողի խնդիրը այժմ բավական սուր է... Պետբյուջեից կինեմատոգրաֆի կարիքներին հատկացվում է տարեկան ընդամենը 800 հազար դոլար:

Սակայն դա չի կասեցնում ազգային կինեմատոգրաֆի ջատագովներին: Հայկական ծագումով ռեժիսորներն աշխատում են ամբողջ աշխարհում, նրանց կինոնկարները մասնակցում են հեղինակավոր փառատոների, եւ, բոլորին ի մի բերելով, կարելի է ստեղծել ազգային կինեմատոգրաֆի թեկուզ դեռ պայմանական մի կինոտարածք, որտեղ հպարտանալու բան կա:

Ալյոնա Սոլնցեւա, «Vremia novostey», Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4