«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ԱՇԽԱՐՀԻԿ ՏՈՆԵՐԸՙ ԴԱՍԱԳՐՔԱՅԻՆ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Հոգեւոր անվտանգության խնդիրն այսօր ոչ միայն Հայաստանում կամ հայերի առաջ է կանգնած, այլեւ առհասարակ ողջ մարդկության: Համաշխարհայնացման ալիքը սպառնում է քաղաքակրթական անցյալ դարերի ստեղծած բազմազանության համանվագին եւ այս համատեքստում առաջնահերթն ազգային արժեքների աստիճանական մոտեցումը կանխելն է, որովհետեւ հակառակն անխուսափելիորեն վտանգում է որեւէ ժողովրդի ինքնությունն ու ապագանՙ կասեցնելով նրա գոյընթացը:

«Հայ ժողովուրդը, որն աշխարհին հայտնի է տարօրինակ հոգեկերտվածքով, որպես ավանդապահ ու մշակութասեր ժողովուրդ, իր հայրենիքում, անկախության պայմաններում տարերայնորեն կանգնեց ինքնաօտարման փաստի առաջ», այսպես է արձանագրում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջյանը վերջերս լույս տեսած «Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանի Հանրապետության պետական տոներ, հիշատակի օրեր» գրքի առաջաբանում:

Որքան էլ ժամանակներն անբարենպաստ են, ազգային, կրոնական, մշակութային, բարոյական, ընտանեկան-կենցաղավարական ավանդական արժեքները պահպանողները կան եւ անում են իրենց գործը:

Հայ գրերի 1600-ամյակին եւ Հայոց մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված այս գիրքը մեր իրականության մեջ առաջին փորձն է հայոց համազգային տոները եւ հիշատակի օրերը ոչ միայն վերարժեւորելու, այլեւ դրանց խորհուրդը մեկնաբանելու առումով, նաեւՙ ներկայիս փորձությունները դիմակայելու միտվածությամբ: Մտահղացողներըՙ Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը եւ Գայանե Անտոնյանը նկատի ունենալով հոգեւոր եւ ազգային տոների դերը հատկապես երիտասարդ սերնդի գիտակցական դաստիարակության վրա, գիրքը կազմել են դասագրքային սկզբունքով, որը մատուցման ձեւով ծառայելու է իբրեւ օժանդակ ձեռնարկՙ հանրակրթական դպրոցներում վերջին տարիներին, բարեբախտորեն, առարկայական պարտադիր ուսուցման համակարգ ներմուծված «Հայ եկեղեցու պատմության առարկայի»: Հայաստանի ազգային, պետական, եկեղեցական տոները ներկայացված են օրացուցային հերթականությամբ, օրինակ, հունվարՙ Նոր տարի կամ Կաղանդ, Սբ. Ծնունդ եւ Աստվածահայտնություն, Մկրտություն, Տնօրհնեք, Հայոց բանակի օր եւ այդպես հաջորդող ամիսները, որով գիրքը կարելի է համարել ընդարձակ տոնացույցՙ հստակ մեկնաբանություններով:

Ի՞նչ է տոնը եւ ի՞նչ խորհրդանշական արժեք ու նշանակություն ունի: Աշխարհիկ իրողությունների եւ իրադարձությունների սիմվոլիկան մարդկանց հավաքական գիտակցության մեջ արտահայտվում են տոների, հանդիսությունների ձեւով, որոնք իրենց ճանաչողական նշանակությամբ հանդերձ, որոշակիորեն արժեւորում են նաեւ պատմական, ազգային հիշողությունները:

Եկեղեցական տոներն արտահայտություն են մարդկային հավատի, աստվածաճանաչողության, աստվածապաշտության եւ նմանաբնույթ երեւույթների, իսկ վաղ անցյալից փոխանցված տոնական սովորույթները քրիստոնեության մեջ ձեռք բերած նոր բովանդակություն են ի հայտ բերում: Եկեղեցական տոների գաղտնիմաստները, նրանց խորհրդի մեկնաբանությունները, կարծում ենք, կօգնեն ընթերցողին, քրիստոնյա հայերին մեր ազգային եկեղեցու հետ ավելի մերձենալու: Կարեւորվում է նաեւ հոգեւոր կյանքի որոշ իրողությունների ճանաչելիության պարագան: Տոնացույցն ունի բարոյակրթական նշանակություն, կարեւոր են դասագրքային սկզբունքով յուրաքանչյուր մասի սեղմ ամփոփումները: Գիրքը տպագրվել է Ամերիկայի Արեւելյան թեմի «Զգոն եպս. Տեր-Հակոբյան» հիմնադրամի մեկենասությամբ:

Մ. ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4