«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


«ԱՄԵՐԻԿՅԱՆ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱ ՄԻ ԾԱԼ, ՈՐ ՆԱ ՉԻՄԱՆԱ»

Հրաշալի լրագրող, ամերիկյան «Արմինյն օբզերվեր» թերթի խմբագիր, ազգային, հասարակական եւ մշակութային գործիչ, գրականագետ եւ դասախոս Օշին Քեշիշյանի 70-ամյակը երեկ գրողների միությունում հավաքել էր նրա ընկերներին եւ բարեկամներին:

Ազգային, հասարակական եւ մշակութային անդաստանում Օշին Քեշիշյանի ունեցած անուրանալի վաստակի մասին խոսեց գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ըստ նախագահի, Օշին Քեշիշյանը վառ անհատականությամբ դրսեւորվել է որպես խմբագիր` ղեկավարելով նախ Բեյրութի «Զարթոնք սփոր» մարզական, «Նոր օր», ներկայումս էլ «Արմինյն օբզերվեր» թերթերը: Լեւոն Անանյանը նշեց նաեւ, որ նա մեծ աշխատանքներ է տարել եղեռնի թեման ամերիկյան տարբեր շրջանակներում եւ լսարաններում քննարկելու եւ լսելի դարձնելու համար: «Ի վերջո, նա այն կամուրջն է, որը յուրատեսակ շաղախ է արեւմտահայ եւ արեւելահայ սփյուռքի մեջ` ոչ միայն իր թերթով, այլեւ իր անհատականությամբ», հավելեց գրողների միության նախագահը եւ հայտնեց, որ շուտով լույս կտեսնի նաեւ պրն Քեշիշյանի գրականագիտական հոդվածների համահավաքը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի բնորոշմամբ, Օշին Քեշիշյանը անհանգիստ, արտիստիկ անփութությամբ բեւեռների անձնավորություն է: Նա մեջ բերեց Թեքեյան մշակութային միության փոխատենապետ Երվանդ Ազատյանի այն խոսքերը, թե Օշինը իր հայր Գեւորգից է ժառանգել մարդասիրության եւ հոգատարության լավ հատկանիշները: Իսկ արձակագիր Պերճ Զեյթունցյանը հավելեց, որ լրագրող եւ 35 տարի «Արմինյն օբզերվեր» թերթի խմբագիրը լինելով, «ամերիկյան, առավել եւս հայկական իրականության մեջ չկա մի ծալ, որ նա չիմանա»: Երեւի նրա գերազանց տեղեկացվածության խոսուն ապացույցներից էին ներկաների հետեւյալ բնորոշումներըՙ «նրա մեքենան շարժական գրադարան էՙ օրվա թերթերով եւ գրքերով», «նրա տունն ամբողջությամբ գրքերի մեջ է»: Արտակարգ շնորհավորանք էր դերասան Ազատ Գասպարյանի արտիստիկ հիշողությունն ու ասմունքը նվիրված Օշին Քեշիշյանին:

Օշին Քեշիշյանը մինչ իր գործունեության մասին եւ հիշողություններից պատմելը, տեղին համարեց իր հասցեին ասվածը, մանավանդ որ ընկերների խոսքերը հիշեցրին իր շատ ու շատ լավ արարքների մասին: «Եկամտի աղբյուրս դասախոսությունն է, ես դասավանդում եմ ամերիկյան համալսարանում, որտեղ շատ լավ են վարձատրում, հաճույքի համար լրագրող եմ, երրորդ սերս գրականությունն ու մշակույթն է», այսպես սկսեց իր պատմությունը օրվա հոբելյարը եւ շարունակեց հիշողություններն անցած, իսկ պատմությունները ներկա կյանքից:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4