Դրան են ուղղված ակումբի ղեկավարության ջանքերը
Ինչպես հայտնի է, Երեւանի «Արարատն» ընթացիկ մրցաշրջանում հաջող մրցելույթներ ունենալով առաջին խմբում, կրկին իրավունք է նվաճել հանդես գալու ուժեղագույնների խմբում: Հաջորդ մրցաշրջանում թիմի առջեւ ծառացած խնդիրներին, «Արարատ» ակումբի առաջիկա ծրագրերին էր նվիրված երեկ «Կոնգրես» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսը, որին ներկա էին ակումբի ամերիկահայ հովանավոր ու նախագահ Հրաչ Գաբրիելյանը, ակումբի փոխնախագահ, հայաստանյան գրասենյակի համակարգող Կարեն Մինասյանը եւ թիմի պետ Կարեն Մեյմարյանը:
Հրաչ Գաբրիելյանն իր գոհունակությունը հայտնեց, որ «Արարատը» կրկին իրավունք է ստացել բարձրագույն խմբում հանդես գալու եւ հավաստիացրեց, որ ակումբի ղեկավարությունն ամեն ջանք կներդնի ուժեղագույնների խմբում էլ հաջող հանդես գալու համար: Նա նաեւ տեղեկացրեց, որ Ձորաղբյուրի մարզաբազայում մեծ թափով են ընթանում շինարարական աշխատանքները: Նախատեսվում է 1,5 տարուց շահագործման հանձնել ժամանակակից պահանջներին համապատասխանող Ձորաղբյուրի մարզաբազան, որը կծառայի ոչ միայն «Արարատին», այլեւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծված պայմաններից: Ինչպես հայտնի է, Հրաչ Գաբրիելյանը նաեւ Ղարաբաղի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Նրա հովանավորությամբ այժմ շինարարական աշխատանքներ են կատարվում նաեւ Ստեփանակերտի մարզադաշտում եւ ամիսներ անց այն հիմնովին վերանորոգված շահագործման կհանձնվի:
Թիմի պետ Կարեն Մեյմարյանը ներկայացրեց «Արարատի» առաջիկա ծրագրերն ու հիմնախնդիրները: Ըստ Մեյմարյանի, աշխատանքը տվեց իր պտուղները: Հաջողվեց ստեղծել մարտունակ ֆուտբոլային կոլեկտիվ, որն ունակ եղավ հաջողությամբ պայքարելու բարձրագույն խմբի ուղեգրերի համար: Ինչ խոսք, հաջողությունն ուրախալի է, սակայն նոր մրցաշրջանը նոր խնդիրներ է առաջադրել: «Արարատը» պայքարելու է մրցանակային տեղերի համար: Ուստի արդեն այժմվանից լուրջ աշխատանքներ են տարվում թիմի կազմն ամրապնդելու, լավագույն ֆուտբոլիստներով համալրելու ուղղությամբ: Հրավիրվել է իրանցի մարզիչՙ Ահմադ Սանջարին: Նա ժամանակին (8 տարի) հանդես է եկել Իրանի ազգային հավաքականում, 3 անգամ հրավիրվել է Իրանի օլիմպիական հավաքական որպես գլխավոր մարզիչ ու օգնական, աշխատել է երկրի բարձրագույն եւ առաջին խմբերի թիմերում: Վերջին թիմը, որ մարզել է Սանջարին, իրանական «Հոման» է: Վերջինս հանդես է գալիս առաջին խմբում: Թիմի կազմում Արշակ Ամիրյանը դարձել է լավագույն ռմբարկու: Մոտ օրերս իրանցի մարզչի հետ պայմանագիր կկնքվի: Նրան կօգնեն Լեւոն Յաբլուկյանն ու Տիգրան Ասլանյանը:
Արարատցիներն արդեն այժմվանից սկսել են նախապատրաստությունը հաջորդ մրցաշրջանին: Թիմն առայժմ ընկերական հանդիպումներ է անցկացնումՙ փորձարկելով նոր ֆուտբոլիստների: Նախատեսված է ուսումնամարզական երկու հավաք. մեկըՙ Հայաստանում, մյուսըՙ արտերկրում: Ուսումնամարզական հավաքներից հետո մարզիչները հնարավորություն կունենան որոշելու թիմի հիմնական կազմը: Մյուս ֆուտբոլիստները կընդգրկվեն «Արարատի» դուստր թիմում, որը հանդես կգա առաջին խմբում: Կարեւորվեց նաեւ «Արարատի» մանկապատանեկան մարզադպրոցի ստեղծման հարցը:
Արծարծվեց նաեւ «Արարատի» անվան հետ կապված հարցը: Այս հարցի առնչությամբ Կարեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ տնտեսական դատարանի որոշմամբ «Լեռնագործ» ակումբին արգելված է օգտագործել «Արարատ» անվանումը: Ըստ Մովսիսյանի, «Արարատի» նախկին գործադիր տնօրեն Վազգեն Պետրոսյանի դեմ Ղարաբաղ-ում քրեական գործ է հարուցված, մեկ քրեական գործ էլ պատրաստվում են հարուցել Երեւանում: Նշվեց, որ «Արարատ» ակումբի թիմին է պատկանում «Արարատ» անվանումը, եւ թիմը բարձրագույն խմբում հանդես է գալու այդ անվամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ