«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2005-10-20 | #190, 2005-10-21 | #191, 2005-10-22


ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՊՈՐՏԻ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՏԱՐՎԵՆ

Երեւանում են Եվրոխորհրդի սպորտի զարգացման կոմիտեի փորձագետները, որոնք խորհրդատվական սեմինար են անցկացնում սպորտպետկոմի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ, քննարկում են 2001 թ. ԱԺ-ի ընդունած սպորտի օրենքը, հանդես գալիս իրենց առաջարկություններով: Փորձագետների խմբի կազմում են Եվրոխորհրդի սպորտի դեպարտամենտի ղեկավարի ադմինիստրատիվ օգնական Մարի Ֆրանսուազ Գլադզը, Լիտվայի սպորտի պետական կոմիտեի նախագահ Ալգիրդաս Ռասլանասն ու Սլովենիայի կրթության եւ սպորտի նախարարության սպորտի վարչության քարտուղարի տեղակալ Զորան Վերովնիկը, որոնք երեկ հանդիպեցին լրագրողներին:

Տեղեկացվեց, որ նման խորհրդակցություններ անցկացվում են Եվրոխորհրդի անդամ բոլոր 46 երկրներում: Հիմնական նպատակը Հայաստանում սպորտի մասին օրենքի քննարկման եւ դրա հետագա կատարելագործման, լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների ընդունումն է:

Զորան Վերովնիկը տեղեկացրեց, որ ծանոթացել են սպորտի օրենքին, որը ներառում է 19 հոդված: Համեմատության համար նա նշեց, որ, օրինակ, Սլովենիայում օրենքը ներառում է 73 հոդված: Սակայն հարցը հոդվածների քանակը չէ: Ըստ փորձագետի, ՀՀ օրենքում ուշադրություն չի դարձված հաշմանդամների մարզական կարիքներին, զանգվածային սպորտի մի շարք հարցերի, ուստի օրենքում անհրաժեշտ լրացումներ ու ենթահոդվածներ պետք է մտցվեն:

Նշվեց, որ օրենքում պետք է այնպիսի դրույթներ ամրագրվեն, որոնցով կյանքում պետք է առաջնորդվեն մարզիկներն ու մարզական կազմակերպությունները, տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաները, հատուկ նշված լինեն յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտավորությունները:

ՀՀ սպորտպետկոմի փոխնախագահ Հարություն Յավրյանն էլ ընդունեց, որ 2001 թ. ԱԺ-ի ընդունած օրենքն այսօր կյանքի թելադրանքով փոփոխության, լրացումների կարիք է զգում: Ուստի Հայաստանի սպորտպետկոմը դիմել էր Եվրոխորհրդի փորձագետներինՙ խորհրդատվական օգնություն ցույց տալ: Այս օրերի հանդիպումների, սեմինար խորհրդակցությունների ընթացքում փորձագետները մի շարք օգտակար առաջարկներ են արել, որոնք, անշուշտ, իրենց տեղը կգտնեն սպորտի մասին օրենքի դրույթներում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4