Ռիգայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության (մինչեւ 19 տարեկաններ) ընտրական մրցաշարի 1-ին փուլում Հայաստանի հավաքականն իր երկրորդ հանդիպումն անցկացրեց: Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, Ուկրաինայի հավաքականի հետ խաղում էլ մեր ֆուտբոլիստները պարտություն են կրել: Առաջին խաղակեսում դարպասները մնացել են անառիկ: 47-րդ րոպեին Արտակ Օսեյանը հիանալի հարվածով բացել է հաշիվը, սակայն 6 րոպե անց ուկրաինացի Կսոնզն իրացրել է 11 մ հարվածը եւ վերականգնել հավասարակշռությունը: Իսկ խաղավարտից 9 րոպե առաջ ուկրաինացի Յակովենկոն խփել է հաղթական գնդակը:
Այսպիսով, հաղթելով 2-1 հաշվով, Ուկրաինայի հավաքականը 6 միավորով գլխավորեց ընտրական 12-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Առաջին խաղում Ուկրաինայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել էր լատվիացիներին: 2-րդ տեղում Սերբիայի ընտրանին է, որը վաստակել է 4 միավոր: Մեր ընտրանուն հաղթելուց հետո սերբերը ոչ-ոքի են ավարտել հանդիպումը լատվիացիների հետ (0-0):
Հայաստանի հավաքականը պարտվելով 2 խաղերում էլ, դուրս մնաց հետագա պայքարից: Այսօր մեր ընտրանին մրցելու է Լատվիայի հավաքականի հետ, որը մարզական առումով այլեւս ոչ մի նշանակություն չունի: Լատվիայի հավաքականը վաստակել է 1 միավոր: Ամենայն հավանականությամբ երկու ուղեգրերը կնվաճեն Սերբիայի եւ Ուկրաինայի հավաքականները: Վերջինս, անկախ սերբերի հետ վերջին խաղի արդյունքից, արդեն նվաճել է ուղեգիրը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ