Խորհրդարանական վերջին քառօրյայի ընթացքում կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր աննախադեպ էին: Դրանք ուղղված էին սոցիալական ոլորտի հնարավորինս լավ կարգավորմանը, հետեւաբար քիչ թե շատ շոշափելի բարելավումներիՙ սոցիալապես խոցելի խավերի համար: Այս ուղղվածության օրինագծերով հնարավոր դարձած բարելավումներն ավելանալու են, վստահեցնում է ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը:
- Հանձնաժողովի երեկ կայացած նիստի քննարկումներն ի՞նչ առաջարկներ-փոփոխություններ են ենթադրում սոցիալական ոլորտում:
- Սոցիալական ուղղվածության օրենքներում կատարելիք փոփոխություններն այնքան կարեւորվեցին, որ առաջարկվեց դրանք խորհրդարանի լիագումար նիստում լսել քսանչորսժամյա ռեժիմով:
Պետական կենսաթոշակների մասին գործող օրենքով կենսաթոշակառուի տրվող կենսաթոշակը կարող է վերանայվել երկու տարին լրանալուՙ երկու տարվա ստաժ ունենալու դեպքում: Այսինքնՙ եթե կենսաթոշակի նշանակումից հետո անձն աշխատել է 2 տարի: Այժմ առաջարկվում է կենսաթոշակը վերանայել երկու տարվա ընթացքում վեց ամսվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցապահովության մասին օրենքի փոփոխություններով նախատեսվում է հաշմանդամ դարձած կամ զոհված շարքային զինծառայողի ընտանիքներին տրվող կենսաթոշակները բարձրացնել 20 տոկոսով: Նախատեսվում է նաեւ զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը հանրապետության տարածքում գործող այլ բժշկական հիմնարկներում: Օրինագծով առաջարկվում է կրկնապատկել զոհված զինծառայողի 5-ից ավելի անդամ ունեցող ընտանիքի անդամներին տրվող 1000-ական դրամը: 1000 դրամով էլ ավելացվելու է ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին կոմունալ վարձերի արտոնությունների դիմաց տրվող գումարը: Այն կդառնա 6 հազար դրամ:
Հայրենական պատերազմի վետերաններին տրվող պատվո վճարը հասցվել է 10000 դրամի, իսկ 2006-ի հունվարից նվազագույն ամսական աշխատավարձը 13-ի փոխարեն կլինի 15000 դրամ:
Որպես սոցիալական կարեւոր խնդիր ուզում եմ անդրադառնալ նաեւ ավանդների վերադարձմանը:
- Արդյոք հենց այս բարելավումների, սոցիալական խնդիրների լուծման շարքի՞ց է ավանդների վերադարձման հարցը, թե՞ նախընտրական խոստման կատարում:
- Գաղտնիք չէ, որ 1999-ից ՕԵԿ-ը հանդես է եկել ավանդների վերադարձման հարցի լուծման պահանջով: Այս տարիներին առանձին քաղաքական ուժեր եւ գործիչներ փորձել են շահարկել այս խնդիրը, բայց այժմ կարող ենք փաստել, որ ավանդների վերադարձման գործընթացը քաղաքական համաձայնության եւ հստակ պայմանավորվածության արդյունք է: Անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորվեց, եւ ՕԵԿ-ի համար ի սկզբանե բարոյական եւ սոցիալական այս խնդրի լուծումը կտրվի աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրը գործելու է մինչեւ 2015 թ., եւ սրանով կապահովվի ավանդների վերադարձման շարունակականությունը:
- Իսկ նշված ժամանակահատվածում դրսեւորվելիք շարունակականությունը կապահովի՞ ավանդների լիարժեք վերադարձը:
- Ցավոք, այսօր էլ կան ուժեր, առանձին մարդիկ, ովքեր ավանդների վերադարձման հարցը համարում են ոչ շարունակական եւ ժողովրդին սահմանադրական հանրաքվեից առաջ սիրաշահելու միջոց: Այս մոտեցումն անընդունելի է: Մեր կուսակցությունը ավանդների վերադարձի խնդիրը համարել եւ համարում է ժողովրդի արդար պահանջ եւ տեր է կանգնելու այս խնդրի լուծման բոլոր գործընթացներին:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ