Արգելվեց ռուսական թռչնամսի ներմուծումը
Եվրոմիության առողջապահության նախարարները Մեծ Բրիտանիայում քննարկել են հակավիրուսային նյութերի ռազմավարական պաշարներ ստեղծելու հնարավորությունը: Նպատակը թռչնագրիպի հնարավոր համաճարակի կանխումն է, ընդգծել են Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առողջապահության նախարարներ Պատրիսիա Հյուիթը եւ Քսավիե Բերտրանը «Ֆրանսպրեսին» տված հարցազրույցում:
Նրանց խոսքերով, տեղի է ունեցել ոչ պաշտոնական քննարկում, եւ առայժմ որոշում չի ընդունվել: Սակայն առողջապահության եվրոկոմիսար Մարկոս Կիպրիանուն առաջարկել է ստեղծել հակավիրուսային դեղորայքի ռազմավարական պաշար, եւ առաջարկությունն ընդունվել է միաձայն:
«Մենք պետք է դեղորայքի պաշար ստեղծենք, որպեսզի կարողանանք օգնել Եվրոմիությունից դուրս գտնվող այն երկրներին, որոնք բավարար դեղորայք չունեն համաճարակի դեմ պայքարելու համար», ընդգծել է ֆրանսիացի նախարարը: Ենթադրվում է, որ այս կապակցությամբ համապատասխան որոշում կընդունվի դեկտեմբերի 8-ին ԵՄ առողջապահության նախարարների խորհրդակցության ժամանակ:
Եվրոպացի նախարարները միաժամանակ ընդգծել են, որ թռչնագրիպը վերաբերում է կենդանիներին եւ առայժմ մարդուց մարդուն չի փոխանցվում: Մարդկանց համար վիրուսը վտանգավոր կդառնա այն դեպքում, եթե մարդու օրգանիզմում ենթարկվի որակական փոփոխությունների:
Ներկայումս թռչնագրիպի դեմ պայքարելիս ամենաարդյունավետ դեղամիջոցը համարվում է շվեյցարական «Ռոշ» ընկերության արտադրած «Տամիֆլու» հակագրիպային պատրաստուկը, որը կարող է կասեցնել մարդկանց միջավայրում թռչնագրիպի տարածումը: BBC-ի տվյալներով, «Տամիֆլուն» ամենաարդյունավետ դեղամիջոցն է թռչնագրիպի H5N1 վիրուսի դեմ, եւ 40 երկրների կառավարություններ արդեն խոշոր պատվերներ են տվել բավարար պաշարներ ստեղծելու նպատակով: «Ռոշ» ֆիրման խոստովանում է, որ ինքնուրույն եւ սեղմ ժամկետներում չի կարողանա կատարել բոլոր պատվերները, թեեւ վերջին 3 տարիներին այդ դեղորայքի արտադրությունը կրկնապատկվել է: Ուստի շվեյցարացիները համաձայնել են գործակցել ամերիկյան դեղագործական մի քանի ֆիրմաների հետ, որպեսզի արագորեն կատարեն ստացված պատվերները:
Միաժամանակ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ Եվրոմիությունը պաշտոնապես արգելել է Ռուսաստանից թռչնամսի ներմուծումը: Եվրոհանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արգելքը չի տարածվում միայն Կալինինգրադի, Մուրմանսկի եւ Լենինգրադի մարզերի վրա: Ավելի վաղ Եվրոհանձնաժողովի անասնաբուժական հանձնախումբը քննարկել էր Տուլայի մարզում թռչնագրիպի ծագման վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած տվյալները: Սահմանված արգելքը գործելու է 6 ամիս, որից հետո, նայած համաճարակաբանական իրավիճակին, կարող է վերացվել կամ երկարաձգվել:
Պ. Ք.