«Յուրաքանչյուր տարի աշխարհում օդի աղտոտվածության պատճառով մահանում է 3 մլն մարդ»: Սա մեկն է այն մտահոգիչ փաստերից, որ խոսում է մարդու գործունեության հետեւանքով բնությանը եւ հենց իրեն պատճառած վնասների մասին: Սա մեկն է այն մտահոգություններից, որ ունի ֆրանսիացի լուսանկարիչ Յան Արտուս-Բերտրանը: 1991 թ.-ին լուսանկարիչը հիմնում է «Ալտիտյուդ» («Բարձունք») կոչվող գործակալությունը, որտեղ սկսում է լուսանկարել երկիրը երկնքից: 1995 թ.-ից նա ձեռնարկում է մոլորակի վիճակը ներկայացնող իր ծավալուն աշխատանքըՙ օդային լուսանկարների տեսքով:
Մինչ օրս «Երկիրը երկնքից» լուսանկարների ցուցահանդեսը ներկայացվել է 30 երկրներում եւ ունեցել ավելի քան 50 մլն այցելու: Այսօր ցուցահանդեսը Երեւանում էՙ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շնորհիվ: 13 տարիներին արված բազմաթիվ լուսանկարներից ցուցահանդեսում ներկայացված 140-ի շարքում 5-ն արված է Հայաստանումՙ Սյունիքի մարզի Տեղ գյուղը, Արարատի մարզի Ազատի ջրամբարը, Արագածոտնի մարզի Թալինի դաշտավայրը, Գառնիի տաճարը եւ Երեւանի Հանրապետության հրապարակը:
Լուսանկարներն ստեղծվել են ավելի քան 4 հազար ժամ թռիչքի եւ հետեւողական աշխատանքի արդյունքում: Լուսանկարիչը Ֆրանսիայի, Արգենտինայի, Էկվադորի, Մարոկկոյի եւ աշխարհի հարյուրավոր այլ երկրների վրայով թռչելիս կարողացել է արձանագրել Երկիր մոլորակին սպառնացող տարաբնույթ աղետների աղբյուրներ, ժողովուրդների հետաքրքրական կենսաձեւ, բնության անսովոր երեւույթներ:
«Այժմ, ավելի քան երբեւէ, բնական ռեսուրսների շահագործման, արտադրման եւ սպառման ներկայիս մեթոդներն ու մակարդակները չեն կարող երկարաժամկետ լինել, համոզված է լուսանկարիչը: Մենք պարտավոր ենք պատասխանել ներկայիս պահանջներինՙ առանց վտանգելու ապագա սերունդների հնարավորությունները»:
Լուսանկարիչը կամեցել է հաղորդակցվել կույրերի հետ եւս: Ակնոց պատրաստող նշանավոր ֆիրմայի հիմնադիր, ծագումով հայ Ալեն Միկլին պատրաստել է լուսանկարների ռելիեֆային տարբերակը: Առաջին անգամ թույլ տեսնող կամ կույր մարդիկ հնարավորություն են ունենում հաղորդակցվել զարմանահրաշ այս նկարներին:
Պարզվում է, մարդիկ ժամանակ առ ժամանակ կարողանում են ճիշտ օգտագործել բնության պարգեւները: Բրազիլիայում Ակրի նահանգը զարգանում է շնորհիվ իր հարուստ ֆաունայի եւ ֆլորայի: 600 հազար բնակիչների կեսն իր եկամուտն ստանում է անտառի բարեխիղճ օգտագործման շնորհիվ: Դրան ի պատասխան Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կիսացամաքային անտառում, որ տարածվում է արեւադարձային տիղմոտ հողերի վրա եւ կրում մակընթացությունների հետեւանքները, բնությունը բացատ է ստեղծելՙ սրտի պատկերով:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ