«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


ՕՍԿԱՆՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՀՈՒՇՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ՊԵՏՔ Է ՏԱԼ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ

Բրայան Ֆոլ. «Անկախ ընտրությունների արդյունքից, Ալիեւը կմնա Ադրբեջանի նախագահ»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը երեկ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ անկախ նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Իլհամ Ալիեւը կմնա նախագահի պաշտոնում: Բրիտանացի դիվանագետը նշեց, որ Եվրոմիության պատվիրակության` շաբաթավերջին Բաքվում կայանալիք բանակցությունների գլխավոր թեման լինելու է Ադրբեջանում ստեղծված նախընտրական վիճակը: Ֆոլը հույս հայտնեց, որ ընտրություններից հետո Բաքվի իշխանությունները կշարունակեն ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցությունները, որոնք «վերջին շրջանում մտել են հուսալի փուլ»:

Վարդան Օսկանյանն իր հերթին նկատեց, որ 2006 թ. հնարավոր է ակնկալել դրական տեղաշարժ ղարաբաղյան կարգավորման հարցում, եթե Իլհամ Ալիեւը խորհրդարանական ընտրություններից հետո հետքայլ չկատարի:

Տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ Երեւան ժամանած ԵՄ «Եռյակը», որի կազմում են նաեւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության հետ: Օսկանյանն ասաց, որ հանդիպումներում քննարկվել է հարցերի երեք հիմնական խումբ. Հայաստան-ԵՄ հարաբերություններ, հայ-թուրքական խնդիրներ, ԼՂ հակամարտության կարգավորում:

Օսկանյանը լրագրողներին հուշում է...

Բրայան Ֆոլը, անդրադառնալով ԵՄ եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրին, խիստ ցանկալի համարեց Ադրբեջանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, թեկուզ ոչ այնպիսի արագությամբ, որքան «Հայաստանը եւ Վրաստանն են շարժվում եվրոպական ուղղությամբ»: Բրիտանացի դիվանագետը հուսով է, որ Բաքվի եւ Նիկոսիայի միջեւ լարվածությունը կհաղթահարվի, եւ ԵՄ-ի ու հարավկովկասյան երեք հանրապետությունների բանակցությունները կվերսկսվեն: Ադրբեջանի եւ Հյուսիսային Կիպրոսի միջեւ օդային կապ հաստատելու պատճառով ԵՄ անդամ Կիպրոսը վետո է դրել Բրյուսելի եւ Բաքվի գործողությունների ծրագրի վրա, ինչի պատճառով տուժում են Հայաստանը եւ Վրաստանը:

Օսկանյանը հուսով է, որ արդեն նոյեմբերին ԵՄ-ը Հայաստանի հետ կսկսի բանակցություններ, իսկ 2006 թ. հունվար-փետրվարին կհաստատվի եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի գործողությունների ծրագիրը: Ըստ արտգործնախարարի, Հայաստան-ԵՄ հարաբերություններում սա նշանակում է ոչ միայն համագործակցություն, այլեւ «որոշ ոլորտներում ինտեգրացիա, համագործակցությունից որոշ ինտեգրացիոն գործընթացներ»:

Ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի սահմանադրական փոփոխություններին: Օսկանյանը հայ լրագրողներին հուշեց, թե ինչ հարցեր պետք է տալ եվրոպացիներին, ավելի հստակ` եթե լինեիք Հայաստանի քաղաքացի, ինչպե՞ս կքվեարկեիք: Ակնհայտորեն Հայաստանի արտգործնախարարի տրամադրությունը նախագահ Քոչարյանի Բրյուսել կատարած այցից բարձրացել էր: ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Քոչարյանին հրապարակավ սատարում են Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցում:

Հոկտեմբերի 19-22-ը Հայաստանի նախագահի Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում կայացած հանդիպումներից հետո եվրոպացի պաշտոնյաները, այդ թվում Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, Եվրոխորհրդարանի նախագահ Յոզեպ Բորել-Ֆոնտելսը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերը, հայտարարեցին, որ սատարում են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Ավելի վաղՙ նոյեմբերի 27-ին սահմանադրության հանրաքվեի «այո»-ին կողմ էին արտահայտվել ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն, Մ. Նահանգները:

Վերջին տարիներին, հատկապես 2003 թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք վերոնշյալ կազմակերպությունների եւ երկրների կարծիքով չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ Հայաստանի իշխանությունները դրսից ունենային նման աջակցություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4