16-ամյա Էդիտա Սարգսյանը, որ սովորում է Աբովյանի թիվ 6 միջնակարգ դպրոցում, համոզված է, որ աշխարհից կվերանա պատերազմը միայն ազգերի համագործակցության եւ համախմբման շնորհիվ: Նա Միավորված ազգերի կազմակերպության հայկական ասոցիացիայի եւ Project Harmony-ի հայտարարած շարադրությունների մրցույթի առաջին մրցանակին է արժանացել: Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ այս մրցույթի մրցանակաբաշխությունը եւ բացվեց գեղագիտական ազգային կենտրոնի կերպարվեստի քոլեջ-ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 120 շարադրություն, որոնցից լավագույն 8-ի հեղինակները երեկ պարգեւատրվեցին:
Երեխաներին շնորհավորելովՙ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Վալերի Տկաչուկը նշեց, որ այս տոնը հատկապես երեխաներինն է: Նրանք են ՄԱԿ-ի ապագան: Իսկ գեղագիտական ազգային կենտրոնի ղեկավար Հենրիկ Իգիթյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդական դիվանագիտության մեջ ամենից մեծ գործը կարող են անել երեխաները: Նրանք են բոլորից անկեղծն ու մաքուրը:
Երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ ՄԱԿ-ի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում: ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը կառավարության անունից շնորհավորեց ՄԱԿ-ի աշխատողներին, խոսեց 1991-ից ի վեր ՄԱԿ-ի տարբեր ծրագրերում մեր երկրի մասնակցության մասին, նշեց, որ ՀՀ կառավարությունը շատ բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատանքը, ինչից հետո ընթերցեց Վարդան Օսկանյանի ուղերձը: «Հավատում եմ ՄԱԿ-ի կոչմանը, այն էՙ հասնել խաղաղության համագործակցության միջոցով», նշված է ուղերձում:
ՀՀ կառավարությանը, բոլոր գործընկերներին, նվիրատուներին, քաղաքացիական հասարակությանը շնորհավորանքի եւ շնորհակալությունների խոսքեր հղեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Կոնսուելա Վիդալը: Նա նշեց, որ առանց վերոհիշյալ օժանդակության դժվար կլիներ ՄԱԿ-ի աշխատանքը: Միջոցառումն ավարտվեց համերգային ծրագրովՙ Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային հիմնադրամի կրթաթոշակառուների, Կոմիտասի անվան պետական քառյակի եւ «Հովեր» կամերային երգչախմբի մասնակցությամբ:
Թ. Մ.