Բաքվի իշխանությունները առայժմ շարունակում են ձերբակալությունները պետական հեղաշրջման մեղադրանքով
Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւի մերձավոր բարեկամներից Էթիբար Գուլիեւի, Մահարաթ Գաֆարովի եւ Շուքյուր Ասլանովի նկատմամբ անցնող շաբաթավերջին հարուցվել է քրեական գործ: Նրանք, ինչպես նաեւ ավելի վաղ ձերբակալված բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են Ադրբեջանում իշխանափոխություն կազմակերպելու մեջ: Բաքվի լրատվամիջոցները շրջանառության մեջ են դնում իշխանության բարձր եւ միջին օղակների պաշտոնյաների անուններ, ովքեր նույն ամբաստանությամբ հավանաբար ձերբակալվեն: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Իրական Ադրբեջան» էլեկտրոնային թերթը, առաջիկա օրերին կձերբակալվեն աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ալի Նագիեւն ու կրթության նախարար Միսիր Մարդանովը (ծնվել եւ կյանքի մի մասն անց է կացրել Իջեւանում):
Ընդդիմադիր «Ազադլըղ» դաշինքը, որի կազմում են երեք հիմնական կուսակցություններ` Դեմկուսը, Ժողճակատը եւ Մուսավաթը, Ադրբեջանի կառավարության անդամներին հորդորել է հրաժարական տալ եւ չենթարկվել կաշառակերության եւ իշխանությունը բռնի ուժով տապալելու ամբաստանությամբ ավելի վաղ ձերբակալված Ֆարհադ Ալիեւի, Ալի Ինսանովի, Ակիֆ Մուրադվերդիեւի եւ մյուսների ճակատագրին: «Եթե այսօր բանտում գտնվող նախարարները ժամանակին հրաժարական տային ու միանային ընդդիմությանը, մենք կկարողանայինք նրանց պաշտպանել եւ միջազգային հանրությանը ներկայացնել որպես քաղբանտարկյալների: Նրանք, սակայն, դա չարեցին, եւ այսօր դարձան սովորական քրեական հանցագործներ, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ», ասվում է «Ազադլըղի» հայտարարությունում:
Երեկ ադրբեջանական «Դեյ» էլեկտրոնային թերթը հաղորդեց, որ ձերբակալվել են Բաքվի շրջաններից մեկի ոստիկանության վարչության պետի տեղակալ Իլգար Ռահիմզադեն, առողջապահության նախարարության պաշտոնյաներից Վեքիլ Աբբասովը, աշխատանքից ազատվել է 1992 թ. ի վեր «Ազերքիմիա» պետական կոնցեռնի նախագահ Ֆիքրետ Սադըխովը:
Բաքվում քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցները սպասում են Իլհամ Ալիեւի հաջորդ քայլին: Նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր, իշխանությունները զբաղված են բռնի եղանակներով ընդդիմության հանրահավաքները ցրելով եւ ձերբակալություններով: Միջազգային կազմակերպությունները, եվրոպական կառույցները, Մ. Նահանգները լուրջ մտահոգություն չեն հայտնում Ադրբեջանում ստեղծված նախընտրական վիճակի վերաբերյալ, ինչն Իլհամ Ալիեւի համար դրական ազդանշան է շարունակելու բռնությունները: Երեկ, վերջապես, Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի առնչությամբ մտահոգություն է հայտնել «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը: Նախագահ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլին երեկ Մոսկվայում հայտարարել է, թե Մ. Նահանգները հուսով է, որ «առաջիկա ընտրություններն Ադրբեջանում կանցնեն արդար»: Ըստ «Ռեգնումի», Հեդլին ասել է. «Ադրբեջանում պետք է հասկանան, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը հնարավորություն կտա զարգացնելու ժողովրդավարությունը»:
Շաբաթ օրը Բաքվի ոստիկանությունը մահակներով ցրել է «Ազադլըղի» հերթական հանրահավաքը, առնվազն 15 մարդ, այդ թվում Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնովը, ձերբակալվել են: Վերջինս կարճ ժամանակ անց ազատ է արձակվել: Ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին հայտարարել է, որ իշխանությունները վերջին մի քանի շաբաթներին արդեն չորրորդ անգամ խախտում են հավաքներ անցկացնելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը:
Ադրբեջանում վհուկների որսն սկսվեց Ռասուլ Գուլիեւի Բաքու վերադառնալու անհաջող փորձից հետո: Առաջինը ձերբակալվեց ֆինանսների նախկին նախարար Ֆիկրետ Յուսիֆովը, որի ցուցմունքով ձերբակալվեցին տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւը, վերջինիս երկու եղբայրները` «Ազերպետրոլի» նախագահ Ռաֆիկ Ալիեւն ու կանաչապատման քաղաքային վարչության պետ Ալիփանահ Ալիեւը, իշխանական «Ենի Ազերբայջան» կուսակցության հիմնադիրներից առողջապահության նախարար Ալի Ինսանովը, նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից Ակիֆ Մահերամովը, այլք: Բոլորն էլ ամբաստանվում են Ռասուլ Գուլիեւի հետ իշխանությունը զավթելու փորձի մեջ:
Ալի Ինսանովը նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 1993 թ., համարվել է Ալիեւների դինաստիայի ազդեցիկ դեմքերից, գլխավորում էր իշխանության «երեւանյան» կլանը (Ինսանովն արմատներով Նոյեմբերյանի Զորական, նախկինում` Քյոռփլու գյուղից է), տարիներ շարունակ թույլատրել է չեչեն եւ այլազգի ահաբեկիչների ապաքինումը Բաքվի հիվանդանոցներում: Խուզարկության ընթացքում Ինսանովի բնակավայրում հայտնաբերվել են մեկ միլիոն դոլար, 884 հազար եվրո, 25 կգ ադամանդ եւ ոսկեղեն: Մյուս ձերբակալվածների բնակարաններից եւս առգրավվել է մեծ քանակությամբ գումար:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ