Երեկ խորհրդարանում կրկին ամենաակտիվ ընդդիմադիր պատգամավորը Հմայակ Հովհանիսյանն էր: Քննարկվող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելը քննարկելիս, անդրադառնալով նվազագույն աշխատավարձը 2 հազար դրամով ավելացնելուն նա այսպիսի բոցաշունչ ելույթ ունեցավ. «Ընդամենը 250 մլն դրամ արժե այդ բարձրացումը, բայց եկեք տեսեք` կառավարման համար ծախսերն ինչքան են մեծանում. 2004 թվին դրանք կազմել են 25 միլիարդ 883 մլն 466 հազար դրամ, այս տարի նախատեսվում է 35 միլիարդ 417 մլն 5 հազար դրամ, այսինքն` 40 տոկոսով կառավարման ծախսերն ավելանում են: Գործուղումների համար այդ նույն բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 324 մլն 39 հազար դրամ, մինչդեռ 250 մլն են տրամադրում նվազագույն աշխատավարձի բարձրացմանը: Իսկ գները որքա՞ն են աճել 2004-ի համեմատ, եթե կոալիցիայի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը նշում է, թե գնացեք շուկա, տեսեք խոզի մսի գինը, տավարի մսի գինը»: Եվ ապա Հ. Հովհաննիսյանը հռետորական հարց ուղղեց. «Եվ այդ դեպքում 2 հազար դրամով ընդամենը բարձրացնում ենք նվազագույն աշխատավարձը»: Ասում ենք, թե մենք սոցիալական պետություն ենք, ինչպես նախատեսված է գործող սահմանադրությամբ: Մինչդեռ հպարտանում ենք, որ բյուջեի ծախսային մասն այս տարի 1 միլիարդ դոլարին է հավասար. եթե կրկնապատկվել է բյուջեի ծախսային մասը, ապա ինչո՞ւ պետք է նվազագույն աշխատավարձը չկրկնապատկվի, եթե իսկապես ուզում ենք հասնել աղքատության հաղթահարմանը գոնե տեսանելի ժամանակներում...210 մեքենայով ավելանալու է էսօրվա չինովնիկների պարկը` ջիպեր, հունդայներ, այս բյուջեի նախագծով. դրանց, դրանց վառելիքի ու սպասարկման գինն արդյոք տասնապատիկ չի՞ գերազանցում այդ 250 մլն դրամը... Սոցիալական արդարությունը պահանջում է, որպեսզի հասարակության առավելագույն չքավոր խավի կենսամակարդակն աճի երկրաչափական պրոգրեսիայով, այդ դեպքում` թվաբանական պրոգրեսիայով կարող է աճել ունեւոր խավերի կենսամակարդակը: Կառավարման ապարատի ծախսերը 40 տոկոսով են աճում, նվազագույն աշխատավարձը` 15 տոկոսով... մեր չինովնիկների ախորժակները մեզ ներկայացված բյուջեում ներկայացված են»:
Պատասխանելով նրան եւ Արամ Գասպարի Սարգսյանի` նվազագույն զամբյուղի վերաբերյալ բերած թվերին` ֆինանսատնտեսական, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսպես պատասխանեց. «Ցավալի է, որ մարդիկ չեն աշխատում, բայց միայն խոսում են: Չեն աշխատում, որովհետեւ չեն մասնակցում բյուջետային քննարկումներին. եթե նրանք մասնակցեին, կիմանային, որ գնաճը որոշվում է այս դահլիճում, որ գնաճը միշտ պաշտպանվում է, դա 3 տոկոս է: Կիմանային, որ եկող տարվա ՀՆԱ-ի աճը 7,5 տոկոս է, եւ այդ պարագայում բյուջեի մուտքերն աճում են 15 տոկոսով: Սա այլ կերպ հնարավոր չէ, քան ստվերի դեմ պայքարում: Կիմանային, որ մարդկային ներդրում պահանջող առողջապահություն, սոցապ, մշակույթ, կրթություն ոլորտներում ծախսերն աճում են 21 տոկոսով` 15 տոկոսով բյուջեի աճելու (ՀՆԱ-ի 7,5 տոկոսով) դեպքում: Այդքան մեր երկրում աճում է պաշտպանությունը»: Իսկ աշխատանքի եւ սոցապ նախարարն էլ մեջբերում արեց Մուրացանի «Առաքյալից». մարդը վատ վիճակում է, բերեք սեւ հաց տանք` ասում են, չէ, սեւ հացը վատ կմարսի, բերեք սպասենք, մինչեւ սպիտակ հաց ճարվի:
Մ. Խ.