«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


«ՊԵՏԲՅՈՒՋԵՆ ԷԼ ՕՐԵՆՔ Է»

Տեղեկացնում է Արթուր Բաղդասարյանը

Խորհրդարանական ընթացիկ քառօրյայում քննարկվելու է ՀՀ 2006 թ. պետական բյուջեի նախագիծը: Այդ քննարկման շրջանակներում է նաեւ ավանդների վերադարձման հարցը: Այս հավաստիացումն այսօր, ի պատասխան պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի հարցի, տվեց խորհրդարանի նախագահը: Չնայած մինչ պատասխանն ստանալը Հմայակ Հովհաննիսյանն իր հարցը հնարավորինս համեմեց Արթուր Բաղդասարյանին հասցեագրված հաճոյախոսություններովՙ պնդելով, թե ինքը վստահ է, որ վերջինս հրապարակային քաղաքականության ջատագովն է եւ որպես ավանդների վերադարձման կնքահայր թույլ չի տա հատկապես այդ հարցում անդրկուլիսային որեւէ համաձայնություն, հարցի լուծումն էլ կենթադրվի միմիայն առանձին օրենքի ընդունմամբ, այնուամենայնիվ, ստացավ. «Պետբյուջեն էլ օրենք է», վստահեցումը:

Ստանալով Արթուր Բաղդասարյանի պատասխանը, Հմայակ Հովհաննիսյանն արձանագրեց. «Զրկեցին առանձին օրենքով հարցի քննարկման հույսից: Վաղը կամ մյուս օրը կարող են ձեզ մեղադրել»: Պատգամավորի մտահոգության համար շնորհակալություն հայտնելով, խորհրդարանի նախագահը վստահեցրեց, որ մանրակրկիտ ուսումնասիրել են ավանդների վերադարձման գործընթաց անցնող 14 երկրների փորձը եւ վստահ են վերադարձման մեր երկրի ընդունած կարգի ճիշտ լինելուն: Ուսումնասիրված երկրներում էլ վերադարձման առաջնահերթությունը տրվել է սոցիալական եւ տարիքային խոցելի խմբերին եւ, օրինակ, Լիտվայում ավանդների վերադարձման գործընթացը տեւելու է մինչեւ 2024թ.: Մեզ մոտ գործընթացը ներառված է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում, որը կտեւի մինչեւ 2015 թ.:

Այս բացատրությունները տալուց հետո խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը նաեւ կոչ արեց. «Մի՛ դրական բան ենք անում միասին, եկեք չստվերենք, եկեք մարդկանց բացասական լիցքեր չհաղորդենք: Առանց այն էլ մարդիկ գերհագեցած են բացասական լիցքերով»:

Խորհրդարանի նախագահը խոստում էլ տվեցՙ շամպայնով նշել 36 պատգամավորների հեղինակած խնայողական ավանդների վերականգնման եւ պաշտպանության երաշխիքների օրինագծի ընդունումը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4