Հոկտեմբերի 23-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի ունեցան Շիրակի մարզի համայնքների մեծ մասում: Մարզկենտրոն Գյումրիում, որտեղ ընտրողների թիվն անցնում էր 119 հազար մարդուց, ըստ նախնական ոչ պաշտոնական տվյալներիՙ քվեարկությանը մասնակցել են մոտ 45,7 հազարը կամ ընտրացուցակներում ընդգրկվածների ընդհանուր թվի 38,3 տոկոսը: Ըստ նույն տվյալներիՙ այստեղ համայնքապետի երեք թեկնածուներից բոլորից շատՙ 52,5 տոկոսից ավելի ձայներ ստացել եւ Գյումրու համայնքի ղեկավար է վերընտրվել գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նրա ստացած քվեների թիվն անցնում է 23 հազարից, որը ավելի քան 6 հազարով գերազանցում է երկրորդ տեղում հայտնված թեկնածուիՙ ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանի ձեռք բերած արդյունքը:
Նախնական ոչ պաշտոնական տվյալներովՙ վերընտրվել են նաեւ հարեւան Ախուրյանի եւ մարզի երկրորդ քաղաք Արթիկի գործող համայնքապետները: Ընտրական հանձնաժողովներն այժմ ամփոփում են նաեւ ավագանիների անդամների ընտրության արդյունքները:
Ընտրությունների ընթացքում լուրջ խախտումների, միջադեպերի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան: Ինչպես միշտ, ամենաշատ դժգոհությունները վերաբերում էին ընտրացուցակներին, թեեւ այս անգամ դրանք կազմելու պատասխանատվությունը դրված էր ոստիկանության անձնագրային սեղանների վրա: Ի վերջո այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մեզանում դրանց բարելավման հույս երբեւէ չպետք է տածել:
Գ. Մ.