«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2005-10-21 | #191, 2005-10-22 | #192, 2005-10-25


ԳՆԱՀԱՏՈՒՄ. ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿՈՉ

«Մովսես Խորենացի» շքանշանՙ Արտո Չաքմաքչյանին

Արվեստը ձեռագիր ու նկարագիր է, ու կյանքն արվեստագետի համար ինքնարտահայտվելու հնարավորություն է, ուր կեցության վայրը պայմանական է, որովհետեւ հոգու հայրենիքն է, որ թելադրում է արվեստական մտաձեւեր եւ ապրումներ: Ու որքան իրականՙ այնքան արվեստն ավելի ինքնատիպ է, անհատական: Ու դժվարը դա պահպանելն է, դիմանալ-դիմադրելը: Արտո Չաքմաքչյանի արվեստը հարեւնման է իր ներաշխարհին, իր խառնվածքին, իր խոսուն մտավիճակներինՙ անակնկալներով, դրամատիզմով, դինամիզմով, իմպրովիզացիոնՙ ճշմարիտ ապրումի բանաստեղծական ճիչով:

Եգիպտոսից 1948 թ.-ի առաջին ներգաղթողների հետ հայրենիք վերադարձած Արտոն ապրեց սովետական երկրի արվեստագետի մի ոդիսականՙ ներքին դիմադրություն, հոգեբանական պայքարներ: 1975 թ.-ից հեռացավ Հայաստանից, այժմ ապրում է Մոնրեալում, շարունակում ստեղծագործական նույն ոգինՙ ազատ, ապրված, ճշմարիտ: Անցած տարի այցելեց Հայաստան, տպավորությունները ջերմ էին ու զգայուն: Այս օրերին էլ նա Հայաստանում է, եւ երեկ մշակույթի նախարարությունում հռչակավոր քանդակագործը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվեց «Մովսես Խորենացի» շքանշանով, որ նրան հանձնեց նախարար Հովիկ Հովեյանը:

Իր կեցությունը Կանադայում զուտ ֆիզիկականի ընկալում է, մտային կապը Հայաստանի հետ է: «Նա այն քանդակագործներից է, ովքեր իսկապես զարդարել են մեր քանդակագործական արվեստի լավագույն էջըՙ նախաշեմը: Հակոբ Գյուրջյան, Արա Սարգսյան, Անդրեաս Տեր-Մարուքյան, Ռուբեն Նագյան, Արտո Չաքմաքչյան. ահա այդ աստղաբույլը: Արտոյի գործերի աշխարհագրությունը հայկական քանդակագործությանը լայն ճանաչում է բերել, եւ իր արվեստի հետեւորդներն այսօր ստեղծագործում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս», խոսքի ավարտին Հովիկ Հովեյանը «Մ. Խորենացի» շքանշանը հանձնեց քանդակագործին:

Հեռավոր Կանադայում Արտո Չաքմաքչյանն ապրում է իր Հայաստանից հեռանալու օրերի իմաստավորման մեջ. «Սա դրսում ապրած տարիներիս աշխատանքի պատասխանն է, որովհետեւ ես օտարներին կարողացա ցույց տալ, որ հայ ազգը կարող է մրցել եւ ցուցադրել իր արվեստը, որը նրանց համար նորություն էր ու անակնկալ, եւ այսօր վերադարձել եմ իմ հողինՙ ծառայության պատրաստ: Շնորհակալություն բոլորին»:

Արվեստագետի ծառայությունը ժողովրդին իր գործերի ներկայությունն է իր երկրում, որն Արտո Չաքմաքչյանի պարագայում գրեթե բացակայում է: Եվ մշակույթի նախարարի այն խոսքին, թեՙ պատասխանը մի քանի քանդակ Հայաստանում թողնելն է. Արտոն ասաց. «Դա խնդրանքով չի, դա իմ պարտքն է»: Հոգու պարտք, որ պետք է սակայն, ընդունել պատշաճորեն եւ ի հարգանս:

«Արտոն իմ պատանեկության ընկերն է, ծնվել ենք նույն վայրումՙ Հելիոպոլիսում, իր ստեղծագործությունը սիրում ու գնահատում եմ անկախ մեր ընկերությունից: Այս գնահատականները, ջերմությունը շատ լավ, բայց ինքը պետք է իր հետքը մեր հողի վրա թողնի»: Պերճ Զեյթունցյանն առաջարկեց խոսքերից անցնել գործնական քայլի. «Մենք ունենք պարտք իր նկատմամբ եւ դեռ այն ժամանակից, երբ Կոմիտասի քանդակը կոտրած վիճակով գցեցին իր արվեստանոցի առաջ»:

Հայաստանում հռչակավոր հայ քանդակագործի ստեղծագործության ներկայությունը վաղուց անհրաժեշտություն է. այդ մասին խոսեցին նաեւ անցած տարվա իր այցի ընթացքում: Թերեւս ամեն անգամ չպիտի խոսել ու անցնել: Հարկավոր է գիտակցել պահը, չընկալել դա իբրեւ գնահատման երեւույթ, այլ հայ հոգեւոր մշակույթի վերադարձի կոչ եւ արժեք երկիր-հանգրվանում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4